Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հայ-թուրքական գործընթացի<br /> ձախողումը<br />


Էդվարդ Նալբանդյանը չի բացառում հայ-թուրքական գործընթացի
ձախողումը

  • 22-01-2010 19:52:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եթե Թուրքիան պատրաստ չլինի գնալ արձանագրությունների վավերացմանը եւ շարունակի նախապայմանների լեզվով խոսել, ապա չի բացառվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումը: Իսկ գործընթացի ձախողման դեպքում պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու` Թուրքիայի ջանքերը, միջազգային հանրության կողմից չեն ընկալվի: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22-ի ասուլիսում, որը նվիրված էր ՀՀ 2009թ.-ի արտաքին քաղաքականության ամփոփմանը: Արտգործնախարարը «իրականությանը չհամապատասխանող» որակեց թուրքական կողմի այն պնդումները, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է նախապայմաններ, հակասում է հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների դրույթներին ու նպատակներին, եւ որ հայկական կողմից արձանագրությունների մեջ ինչ-որ փոփոխություններ են մտցվել: «Մենք հուսով ենք, որ թուրքերը չեն փորձի արհեստական, հորինված պատրվակներ բերել որպես պատճառ այս արձանագրությունները չվավերացնելու համար»,- ասել է Է.Նալբանդյանը: Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է 2010-ին արցախյան հակամարտության վերաբերյալ փաստաթղթի ընդունումը, Է.Նալբանդյանը նշել է. «Թե 2010-ին ինչ կլինի դժվար է ասել: Բայց եթե ադրբեջանական կողմը ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի, այն ժամանակ հնարավոր է, որ տեղաշարժեր լինեն: Բայց ասել, որ մոտակա մեկ-երկու ամսում ինչ-որ բեկում կարող է գրանցվել, ես չէի ասի այդպիսի բան»:
Նոյյան տապան  -   Քաղաքական