Երևանի հիմնադրման օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո.(տեսանյութ)


Երևանի հիմնադրման օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո.(տեսանյութ)

  • 29-09-2017 19:45:10   | Հայաստան  |  Հասարակություն



 
Համայն հայության մայրաքաղաք համարվող Էրեբունի-Երևանի 2799 ամյակին նվիրված տոնակատարություններն անցկացվելու են «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո: 
Այս մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց է  Երևանի քաղաքապետի տեղակալ, «Էրեբունի-Երևան 2799» աշխատանքային խմբի համակարգող  Արամ Սուքիասյանը: 
 
Ըստ նրա՝ այս տարի միջոցառումները կանցկացվեն չորս հիմնական բաղադրիչով՝ տես, լսիր, զգա և սիրիր Երևանը: 
Անդրադառնալով հոկտեմբերի 14-ին անցկացվելիք հիմնական միջոցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշեց, որ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար Երևանի տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր՝ ռոքի, ջազի, դասական, ինչպես նաև ազգային երաժշտության համերգային ծրագրեր: 
 
Այս տարի մշակութային առումով ակտիվ կլինի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից Խաչքարերի պուրակը: Այստեղ կկազմակերպվի «Հին ու նոր Երևանս» խորագրով ցուցահանդեսը, «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը: Ժողովրդական արվեստի յուրօրինակ փառատոնային հարթակի կվերածվի Էրեբունի փողոցը: Կարապի լճի հարակից տարածքում էլ կտեղակայվեն լուսանկարչական տաղավարներ: Իսկ Սարյանի անվան պուրակում նկարիչների ձեռքով կստեղծվի «Մեկ կտավ Երևանիս» աշխատանքը, որը կնվիրաբերվի Երևան քաղաքի պատմության թանգարանին:
 
««Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ծրագրեր: Այդ թվում հոկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի օդագնացության միջազգային փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվելու Երևանում: Առաջին անգամ կկազմակերպվի նաև «Խելացի քաղաք» ցուցադրությունը: Թամանյանի արձանի հարևանությամբ տարբեր կրթարանների պատանիները կներկայացնեն իրենց ինտերակտիվ մոտեցումներն ու մտահղացումները: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագրով սպասվում են նաև մի շարք հետաքրքիր մարզական նախաձեռնություններ: Բացի այդ, կլինեն նաև բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի», - նշեց Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները կեզրափակվեն Ազատության հրապարակում անցկացվելիք երիտասարդական դիսկոտեկով և տոնական հրավառությամբ: 
 
Քաղաքապետի տեղակալի խոսքերով՝ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագրում չի ներառվել ծավալով ամենամեծ՝ Հանրապետության հրապարակի տոնական գալահամերգը: 
 
Անդրադառնալով «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչին` Արամ Սուքիասյանն ընդգծեց, որ հոկտեմբերի 2-ից կմեկնարկի մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալական և հասարակական տարբեր խմբերի ընտանիքներին ցուցաբերվող աջակցության նախաձեռնությունը: Ծրագրում ընդգրկված են մասնավորապես գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ, սիրիահայ ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող, երիտասարդ և սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:
 
«Արդեն ավանդական դարձած Երևանի քաղաքապետի այս նախաձեռնության շրջանակում սոցիալական մի շարք խմբերում ընդգրկված ընտանիքներին կտրամադրվեն կենցաղային տարբեր տեխնիկաներ: Մեր համաքաղաքացիների կողմից ծրագիրն արդեն հասցրել է դառնալ իրապես սպասված», -  փաստեց Արամ Սուքիասյանը:
 
Նշենք, որ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 28-ին կկազմակերպվի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների հերթական այցն իրենց զավակներին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն