Թեհրանում անցկացվել է «Հայաստան-2010. անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողով
06-08-2010 15:24:00 | Իրան | Քաղաքական
ԹԵՀՐԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Կովկասագիտության կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ին Թեհրանում էր գտնվում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Օգոստոսի 4-ին Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան-2010. անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովը, որին մասնակցել են Իրանի ԱԳՆ դիվանագետներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպաններ, Իրանի գիտական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնների ներկայացուցիչներ: Սեմինարում ելույթ են ունեցել Ա.Կիրակոսյանը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը: Ա.Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, իսկ Գ.Առաքելյանն անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին:
Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ-ի պատվիրակությունն ունեցել է մի շարք պաշտոնական հանդիպումներ:
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Շեյբանիի հետ քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, իսկ Իրանի ԱԳ կրթական հարցերով նախարարի տեղակալ Խոռամշադիի հետ` կրթական, գիտահետազոտական եւ երիտասարդ դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Ա.Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կարեւորվել երկկողմ փոխայցելությունները, ինչպես նաեւ` հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հետագա խորացումը: