ՀՅԴ-ն դատապարտում է Հայաստանի Արտգործնախարարության կողմից<br /> Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը<br />


ՀՅԴ-ն դատապարտում է Հայաստանի Արտգործնախարարության կողմից
Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը

  • 23-04-2009 18:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների ապրիլի 22-ի համատեղ հայտարարության կապակցությամբ ՀՅ Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` ներկայացնելով այդ փաստի վերաբերյալ իր կոշտ դիրքորոշումը, եւ հայտնելով կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը առաջիկա օրերին քննարկելու մտադրության մասին: ՀՅԴ-ի հայտարարությունում ասված է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը: ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն: Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել: Մեզ համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների` ազգային-պետական իրավունքների հաշվին: Հաստատակամ այս սկզբունքներին` մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը: Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա` ապրիլի 24-ի, անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած` Արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական, հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին: Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play