Թուրքերը որոշել են հայերին ոչնչացնել «սիրելով»,- գտնում է
նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը
15-04-2009 16:40:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Քոչարյանասերժական
իշխանությունների օրոք Հայաստանում աճուրդի հանվեց եւ վաճառվեց
ամեն ինչ, իսկ այժմ վաճառքի է հանվել Հայոց ցեղասպանության 1,5 մլն
զոհերի հիշատակը»,- ապրիլի 15-ի քննարկմանը հայտարարեց «Հայ
կամավորականների համախմբում» հասարակական-քաղաքական նախաձեռնության
անդամ, նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: Նա հիշեցրեց
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ամիսներ առաջ արած այն
հայտարարությունը, թե Ղարաբաղում հաստատված խաղաղությունը գին
ունի: Սակայն այդ գինը, ինչպես նշեց Վ.Մալխասյանը, Ս.Սարգսյանի
համար ո'չ հայոց բանակի ոգու բարձրացումն է, ո'չ հայ մարդը, ո'չ էլ
Հայաստանի քաղաքացու արժանապատիվ կյանքը. այդ գինը Ս.Սարգսյանը
համարում է հայկական ազատագրված հողերի վերադարձը:
Վ.Մալխասյանի խոսքերով, հայ-թուրքական «սիրախաղը» եւս գին
ունի. Թուրքիան հարաբերությունների կարգավորման դիմաց Հայաստանից
պահանջում է կործանարար զիջումներ ինչպես ղարաբաղյան
հակամարտության, այնպես էլ Ցեղասպանության ճանաչման պահանջից
հրաժարվելու հարցերում: Նախկին ազատամարտիկը շեշտեց, որ Հայաստանի
Արտգործնախարարությունը եւ նախագահի մամլո ծառայությունը մինչ օրս
ինչպես հարկն է չեն հերքել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն
հայտարարությունները, թե Ս.Սարգսյանը համաձայն է ստեղծել
պատմաբանների հանձնաժողով եւ հանձնել ազատագրված տարածքները: Ըստ
Վ.Մալխասյանի, Հայաստանի ղեկավարները եւ հայ ժողովուրդը պետք է
իմանան, որ այժմ թուրքերը որոշել են հայերին ոչնչացնել «սիրելով»: