Ալիկ Սարգսյան. «Հյուսիսային պողոտան պատկանում է ժողովրդին,<br /> եւ բոլորը կարող են այնտեղ քայլել»<br />


Ալիկ Սարգսյան. «Հյուսիսային պողոտան պատկանում է ժողովրդին,
եւ բոլորը կարող են այնտեղ քայլել»

  • 28-04-2009 17:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Հյուսիսային պողոտան պատկանում է ժողովրդին, բոլորը կարող են այնտեղ քայլել եւ որեւիցե նշանակություն չունի, թե ո'ր շենքը ո'ր իշխանության օրոք է կառուցվել: Ապրիլի 28-ի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի ապրիլի 22-ի նիստի ավարտին ոստիկանապետը խորհուրդ էր տվել ընդդիմությանը քաղաքական զբոսանքների համար այլ վայր փնտրել: Ա.Սարգսյանն ասել էր, որ Հյուսիսային պողոտան կառուցվել է ներկա իշխանությունների օրոք, ուստի ընդդիմության քաղաքական զբոսանքների համար կարելի է փնտրել նախկին իշխանությունների օրոք կառուցված որեւէ այլ վայր: Ա.Սարգսյանը պարզաբանեց, որ ապրիլի 22-ի նիստից հետո լրագրողի հետ մտերմիկ զրույցում նա ընդամենը կատակել է: «Մե՞նք որ փողոցով իրավունք ունենք քայլելու, եթե 90 տոկոսը կոմունիստների օրոք է կառուցվել»,- ասաց ոստիկանապետը: Ըստ նրա, Հյուսիսային պողոտայի վերաբերյալ իր պահանջը եղել է միայն` չխախտել հասարակական կարգը, զանգվածային միջոցառումներն անցկացնել օրենքի սահմաններում եւ չվերածել դրանք զանգվածային անկարգությունների: Նա խորհուրդ տվեց լրագրողներին չկառչել բառերից, ընկերական խոսակցությունները չվերածել քաղաքական լուրջ հայտարարության եւ իրեն քաղաքականության մեջ չներքաշել: «Ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է»,- ասաց նա: Ա.Սարգսյանը հերքեց մամուլում հայտնված տեղեկությունները, թե ոստիկանները նախօրեին ընդդիմության մայիսի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներն են հավաքել: «Ոչ մի ոստիկան ոչ մեկի ձեռքից որեւէ թռուցիկ չի հավաքել, ինչպես նաեւ չի պաշտպանել թռուցիկներ խլող անձանց»,- ասաց ոստիկանապետը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play