Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վնասազերծել են ավելի քան 1000 պայթյունավտանգ առարկա
01-12-2020 10:35:53 | Արցախ (ԼՂՀ) | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հեռացման աշխատանքներ և ապահովել են մարտական գործողությունների ընթացքում վնասված էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի վերականգնման աշխատանքներ իրականացնող բրիգադների աշխատանքի անվտանգությունը:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, թողնված կամ չաշխատած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում են: Զինամթերքը, որն անհնար է անվտանգ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 1000 պայթյունավտանգ առարկա: