Արաբ գործարարների համար Հայաստանը մեծ հետաքրքրություն է<br /> ներկայացնում` ներդրումներ կատարելու առումով<br />


Արաբ գործարարների համար Հայաստանը մեծ հետաքրքրություն է
ներկայացնում` ներդրումներ կատարելու առումով

  • 05-03-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Կասիմին մարտի 5-ին ճանաչողական այց կատարեց Նոր Հաճնի ադամանդի արտադրական ձեռնարկություններ եւ Ծաղկաձոր: Նոր Հաճնում նրան ներկայացվեցին Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության ոլորտի ներկա վիճակը, կիրառվող տեխնոլոգիաները, զարգացման հնարավոր ուղղությունները, ներդրումների եւ արտահանման հնարավորությունները: Ծաղկաձորում նախարարը ծանոթացավ գյուղմթերքների արտադրության, վերամշակման առկա վիճակին ու պոտենցիալին, ներդրումների եւ արտահանման հնարավորություններին, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտում համագործակցության եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Ն.Երիցյանի խոսքերով, այցի հիմնական նպատակն է մշակել կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր, որոնք Հայաստանում զարգացած տնտեսություն ունեցող ԱՄԷ-ից ներդրումների ներհոսք ապահովելու հնարավորություն կտան: Նախարարը հայտնեց, որ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ, մասնավորապես ԱՄԷ հայկական գյուղատնտեսական մթերքներ արտահանելու ուղղությամբ: Գործարար Իսա Բին Նասերի խոսքերով, իրենք տեղեկացված չէին, որ Հայաստանում կան բավականին շատ ոլորտներ, որտեղ հնարավոր է համատեղ համագործակցություն ծավալել: Ըստ նրա, այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հայ-էմիրաթյան համատեղ ընկերություններ, ինչպես նաեւ մշակել ծրագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների համագործակցությանն ու տնտեսական կապերի զարգացմանը: «Մենք հիմնականում հետաքրքրված ենք գյուղատնտեսությունով, թեթեւ արդյունաբերությամբ եւ տուրիզմով: Համագործակցության սպեկտրը բավականին լայն է, ուստի մեզ համար եւ' ներդրումների, եւ' աշխարհագրական դիրքի առումով Հայաստանը մեծ հետաքրքություն է ներկայացնում»,- նշեց գործարարը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play