Ըստ «Ֆիթչ» վարկանիշային գործակալության, ԱՄՀ-ի Հայաստանին<br /> աջակցության վերջին ծրագիրը կնպաստի երկրի սուվերեն վարկանիշի<br /> բարձրացմանը<br />


Ըստ «Ֆիթչ» վարկանիշային գործակալության, ԱՄՀ-ի Հայաստանին
աջակցության վերջին ծրագիրը կնպաստի երկրի սուվերեն վարկանիշի
բարձրացմանը

  • 05-03-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի մարտի 5-ին «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունը իր մամլո հաղորդագրության մեջ նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 540 մլն ԱՄՆ դոլար կազմող վարկային մեխանիզմը կնպաստի գլոբալ եւ տարածաշրջանային ցնցումների նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմադրողականության ավելացմանը` դրանով իսկ բարելավելով երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարը: Ներկայումս, Հայաստանի սուվերեն վարկանիշը արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների գծով «BB» է` «Կայուն» հեռանկարով: Երկրի առաստաղային վարկանիշը «BB+» է, իսկ կարճաժամկետ վարկանիշը` «B»: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության, «Ֆիթչ»-ի սուվերեն վարկանիշների գծով վերլուծական խմբի տնօրեն Էնդրյու Կոլխաունը նշում է, որ փոքր եւ համեմատաբար փակ տնտեսություն ունեցող Հայաստանը չի խուսափել գլոբալ վարկային ճգնաժամից, քանի որ Ռուսաստանի տնտեսական անկման արդյունքում զգալիորեն նվազել է դրամական փոխանցումների եւ ներդրումների ներհոսքը: Սակայն Հայաստանի` ԱՄՀ-ի աջակցությանը դիմելու եւ ազգային արժույթի առավել ազատ լողացող ռեժիմ թույլ տալու որոշումները ներկայիս դժվարությունները հաղթահարելու իշխանությունների զգուշավոր մոտեցման ողջունելի ազդանշան են: ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը ԱՄՀ-ի Խորհրդի մարտի 6-ին անցկացվելիք նիստում կոչ կանի հավանություն տալ Հայաստանին 540 մլն դոլար 28-ամսյա «Stand By» վարկ տրամադրելու որոշմանը, որը կազմելու է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 400%-ը: Երկիրը դիմել էր ԱՄՀ-ի օգնությանը, երբ պաշտոնական պահուստները նվազել էին 24%-ով եւ 2009թ.-ի հունվարի վերջի դրությամբ կազմել 1,26 մլրդ դոլար` 2007թ.-ի վերջի 1,66 մլրդ դոլարի համեմատ: ՀՀ Կենտրոնական բանկը 2008թ.-ի ընթացքում ծախսել էր շուրջ 360 մլն դոլար ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 305 մակարդակի վրա պահելու եւ դրանով մասնակիորեն դոլարացված ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը դժվարին պայմաններում պահպանելու համար: ԿԲ-ն ներկայումս թույլ է տալու փոխարժեքի ավելի մեծ տատանողականություն, եւ, սպասվում է, որ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կտատանվի 370 դրամ մակարդակի շուրջ: Սակայն ՀՀ ԿԲ-ն պաշտոնապես չի հավաստիացրել, որ դրամի փոխարժեքը գտնվելու է որոշակի մակարդակի կամ որեւէ միջակայքի սահմաններում: ԱՄՀ-ի վարկային ծրագիրը ներառում է աջակցություն բանկերին` հնարավորություն տալով նրանց չեզոքացնել դրամի արժեզրկման հետեւանքները` բանկային համակարգի վարկերի ընդհանուր ծավալում արտարժութային վարկերի 38% բաժնի պայմաններում: Քանի որ մասնավոր հատվածին տրամադրված բանկային վարկերը 2008թ.-ի վերջի դրությամբ կազմել են ՀՆԱ-ի միայն 17%-ը, ցանկացած պրոբլեմ դեռեւս բավականին լավ կապիտալիզացված բանկային հատվածում կլինի առավել կառավարելի, քան նույն տարածաշրջանում «BB» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների մեծ մասում: Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2008 թ.-ին դանդաղել է եւ կազմել 6,8%` 2007թ.-ի 13,8%-ի համեմատ: 2008թ.-ի չորրորդ եռամսյակում գրանցվել է 0,2 % տնտեսական անկում, որը հիմնականում պայմանավորված էր շինարարության աճի տեմպերի շուրջ 11% նվազմամբ: 2008թ.-ի չորրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսության կտրուկ անկումը ազդել է ստացվող դրամական փոխանցումների ծավալի վրա, որը արտարժույթի եւ պահանջարկի ձեւավորման կարեւորագույն աղբյուր է: Համաձայն ԱՄՀ-ի կանխատեսումների, 2009թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը նախորդ տարվա համեմատ կկրճատվի 1,5%-ով, սակայն երկրի իշխանություններն սպասում են շուրջ 2% տնտեսական աճ` պայմանավորված մասամբ պաշտոնական աղբյուրներից ֆինանսավորվող ֆիսկալ խթաններով: Ի լրումն ԱՄՀ վարկային ծրագրի, Հայաստանը ստանալու է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ Ռուսաստանից եւ առաջիկա 3 տարիների ընթացքում մինչեւ 525 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ Համաշխարհային բանկից` փոքր եւ միջին ձեռնարկություններին ֆինանսավորելու համար: ԱՄՀ-ի վարկային ծրագրի հաստատումը եւ հաջողությամբ իրագործումը, ինչպես նաեւ երկրում վարվող դրամավարկային եւ հարկաբյուձետային քաղաքականության վարման ոլորտներում կարգապահության պահպանումը կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Ըստ ԱՄՀ-ի, աշխարհաքաղաքական ռիսկը մնում է կարեւոր գործոն անկայուն տարածաշրջանում, թեեւ Հայաստանին հարեւան Ադրբեջանի հետ սառեցված հակամարտության լուծման գործում կա առաջընթաց: Ներքին քաղաքական ռիսկը, թվում է, թուլացել է 2008թ.-ի մարտի` ընտրությունների հետ կապված անկայունության ժամանակահատվածից հետո, թեեւ տնտեսության անկումը կարող է հետագայում նորից անհանգստությունների պատճառ դառնալ: Պետական ֆինանսները շարունակում են հանդիսանալ դրական վարկանիշային գործոն: Այսպես, «Ֆիթչի» գնահատականներով, Հայաստանի պետական պարտքը 2008թ.-ի վերջի դրությամբ կազմել է ՀՆԱ-ի միայն 14%-ը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն