Եթե հակաճգնաժամային ծրագրերը շարունակվեն նույն տեմպով, ապա
Հայաստանը ճգնաժամից դուրս կգա ավելի ամուր տնտեսությամբ
24-02-2009 21:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության
կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերն ու վերջին
օրենսդրական նախաձեռնությունները համարձակ են, հեղափոխական եւ
լավատեսական: Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնեց
Գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն
Ղազարյանը: Նրա խոսքերով, եթե այդ ծրագրերը շարունակվեն նման
տեմպերով եւ եթե գործարարները վերանայեն իրենց մենեջմենթը, ապա
Հայաստանը դուրս կգա ճգնաժամից ավելի ամուր տնտեսությամբ:
Անդրադառնալով որոշ արտադրատեսակների ներմուծման համար
սահմանված 15% մաքսատուրքին, Ա.Ղազարյանը նշեց, որ այն
զանգվածայնորեն չի կիրառվելու բոլոր պատրաստի արտադրատեսակների
համար. որոշումը վերաբերվում է ներկրվող այն ապրանքատեսակներին,
որոնք հնարավոր է Հայաստանում արտադրել եւ ապահովել ներքին շուկայի
պահանջը: Դա, ըստ Ա.Ղազարյանի, արվում է հօգուտ հայրենական
արտադրողի: «Սակայն, վերջիններս նաեւ պետք է գիտակցեն, որ այդ
15%-ը փրկություն չէ մրցակցության մեջ. դա ընդամենը առաջ անցնելու
հնարավորություն է, եւ տեղական արտադրողները պետք է աշխատեն թե'
որակի, թե' ինքնարժեքի, թե' սպասարկման կուլտուրայի վրա»,- նշեց
նա: Ա.Ղազարյանի խոսքերով, արտադրության կազմակերպման ներուժ կա
հատկապես սննդի վերամշակման, մեքենաշինության, պլաստիկի
արտադրության եւ մի քանի այլ ճյուղերում, որոնց արտադրանք կարող է
մրցունակ լինել ներկրված ապրանքների հանդեպ:
Ա.Ղազարյանը հայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում
նաեւ օրենսդրական նոր փոփոխությունների ուղղությամբ, մասնավորապես
բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ըստ նրա, հնարավոր է այդ ոլորտում
գործող ընկերություններն ազատվեն սարքավորումներ ներկրելիս սահմանի
վրա ավելացված արժեքի հարկի վճարումից: