Հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ)
ներկայացվող 10-րդ հատկացման հայտը
10-12-2008 19:38:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի
մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի
դեկտեմբերի 10-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ
վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր»
կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվող 10-րդ հատկացման հայտը:
«ՀՄՀ-Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը
նշել է, որ հատկացման 10-րդ հայտով ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկա
եռամսյակի (հունվար-մարտ, 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային
համակարգի միջոցով ստանալ ֆինանսավորում 6 մլն 811 հազար 305 ԱՄՆ
դոլարի չափով: Եռամսյակի համար նախատեսված ծախսերը կկազմեն 7 մլն
109 հազ. 153 ԱՄՆ դոլար:
10-րդ հատկացման հայտով ծախսերը կուղղվեն Գյուղական
ճանապարհների վերականգնում, Ոռոգվող գյուղատնտեսություն,
Մոնիտորինգ եւ գնահատում, Ծրագրի կառավարում եւ վերահսկում
բաղադրիչների իրականացմանը: Ա.Հովսեփյանը նշել է նաեւ, որ ընթացիկ
կանխատեսման տվյալների համաձայն, Գյուղական ճանապարհների
վերականգնում բաղադրիչի մասով կառավարության կողմից հատկացված
միջոցների հաշվին ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսավորված
շինարարական աշխատանքների արժեքը կհասնի 11 մլն 669 հազ. 871
(առանց ԱԱՀ-ի) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, իսկ ծրագրի փաստացի եւ
կանխատեսվող (դեկտեմբեր ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում
է 28 մլն 081 հազ. 321 ԱՄՆ դոլար:
Հաշվետու տարում իրականացված աշխատանքների թվում նշվել է, որ
Գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրի շրջանակներում
Հայաստանի հարավ-արեւմտյան շրջանում 24,5 կմ ճանապարհահատվածի
վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Միաժամանակ սկսվել
եւ ընթացքի մեջ են առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհաշինարարական
պայմանագրերով իրականացվող աշխատանքները, որոնցով նախատեսվում է
273 կմ ճանապարհահատվածի վերանորոգում` 60,3 մլն ԱՄՆ դոլար
ընդհանուր գումարով: Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագրի
շրջանակներում ավարտվել են 4 գյուղական համայնքներում իրականացվող
երրորդ կարգի ջրանցքների շինարարական աշխատանքները: Նշվել է, որ
մինչեւ 2008թ.-ի վերջ Հայաստանի բոլոր մարզերի շինարարական փուլին
պատրաստ կլինեն 6 մայր ջրանցքների, 7 ինքնահոս համակարգերի եւ 18
պոմպակայանների վերջնական նախագծերը, որոնց շինարարական փուլի
սկիզբը նախատեսված է 2009թ.-ին: Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագրի
մաս կազմող Ջրից դեպի շուկա բաղադրիչի շրջանակներում մինչ օրս
ուսուցանվել են ավելի քան 18 հազար ծրագրի շահառուներ` ջրի
ներտնտեսային կառավարման եւ բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի
ուսուցման թեմաներով: Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել է 128
փորձացուցադրական տնտեսություն, ինչպես նաեւ բաշխվել է ավելի քան
130 գյուղատնտեսական վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,5
մլն ԱՄՆ դոլար:
Հատկացման հայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի
նախագահի կողմից վավերացվելուց հետո, կներկայացվի «Հազարամյակի
մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը: