Երեւանում կայացավ հայ-ռուսական միջխորհրդարանական<br /> հանձնաժողովի 15-րդ նիստը<br />


Երեւանում կայացավ հայ-ռուսական միջխորհրդարանական
հանձնաժողովի 15-րդ նիստը

  • 05-12-2008 17:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 5-ին Երեւանում կայացած ՀՀ Ազգային Ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 15-րդ նիստում քննարկվեց Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներին հանձնաժողովի անդամների մասնակցության հարցը: Ինչպես նշեց հանձնաժողովի ռուս համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, Ռուսաստանի ժողովուրդը, որն առաջիններից մեկը օգնության եկավ երկրաշարժից տուժածներին, մինչ օրս հիշում է այդ ողբերգական օրերը եւ հարգում երկրաշարժի զոհերի հիշատակը: ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Լյուդմիլա Սլիսկան ընթերցեց Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի ուղերձը, ուր նշվում է, որ 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժը Հայաստանի պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկն է: Դեկտեմբերի 7-ին երկու երկրների խորհրդարանականները կայցելեն Գյումրի, որտեղ կմասնակցեն «Անմեղ զոհերին, գթառատ սրտերին» հուշարձանի բացման արարողությանը: Ինչպես նշեց Ն.Ռիժկովը, հուշարձանը կառուցվել է Ռուսաստանի հայ համայնքի միջոցներով, իսկ հեղինակը Գյումրիում ծնված ռուսաստանցի հայտնի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանն է: Հուշարձանի մակետը հանձնվեց ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ միջխորհրդարանական հանձնաժողովի հայ համանախագահ Արամ Սաֆարյանին: Ժողովուրդների միջեւ բարեկամության զարգացման գործում մեծ ավանդի համար ԱԺ-ի նախագահը Ն.Ռիժկովին հանձնեց պատվո մեդալ: Նա նշեց, որ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժը մեծ ողբերգություն էր Հայաստանի համար, որին օգնության եկավ ողջ աշխարհը, եւ Հայաստանը հարգանքով եւ երախտագիտությամբ է հիշում բոլոր երկրների, այդ թվում եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին: Ըստ նրա, այն ծանր օրերին ցուցաբերած հսկայական օգնության համար Ն.Ռիժկովի անունը ընդմիշտ դրոշմվել է հայ ժողովրդի սրտում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play