Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը


Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը

  • 27-01-2022 10:42:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:
 
Երկու երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը և Ժան Ասելբորնը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը:
 
Ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարարի՝ երկկողմ համագործակցության պատմության ընթացքում առաջին պաշտոնական այցը որպես նոր խթան կծառայի փոխգործակցության՝ դեռևս չօգտագործված ներուժի իրացման համար։
 
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման շուրջ, և այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:
 
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ հայ-լյուքսեմբուրգյան բարեկամական խմբերի միջոցով:
 
Նախարարները գոհունակությամբ են նշել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԽ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում արդյունավետ համագործակցության փորձը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ամրապնդելու բազմակողմ մակարդակում սերտ համագործակցությունը:
 
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
 
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների լուծման շուրջ: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Լյուքսեմբուրգի հստակ դիրքորոշման, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձևի ընդունման համար:
 
Երկուստեք շեշտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է տարածաշրջանի պետությունների միջև փոխգործակցության հաստատման և կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծման կարևորությունը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն