ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇՎԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ<br />


ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇՎԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ

  • 13-10-2008 17:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս կատարվում են մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որը որոշելու է նոր ԱԷԿ-ի շինարար կազմակերպությանը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Էներգետիկայի նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը: Այն առնչությամբ, թե ինչ ֆիրմաներ են մասնակցում մրցույթին, մամլո քարտուղարը նշեց, որ այժմ ոչինչ հայտնի չէ, քանի որ մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են գտնվում: Հիշեցնենք, որ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի հայտարարության համաձայն, 2011 թվականին Հայաստանում կսկսվի նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը: Ընթացիկ տարվա վերջին կառավարության քննարկմանը կներկայացվի նոր ԱԷԿ-ի մասին օրինագիծ: Ավելի վաղ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, որ նոր բլոկը կառուցվելու է գործող կայանի տարածքում, այն ունենալու է 1000 ՄՎտ հզորություն: Կայանը ծրագրվում է կառուցվել 5-7 տարվա ընթացքում: Մեծամորի ԱԷԿ-ը նորով փոխարինելու համար Հայաստանին օգնելու իրենց պատրաստակամությունն են արդեն հայտնել ինչպես ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, այնպես էլ Ռուսաստանը: Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու բլոկից, որ շահագործման են հանձնվել համապատասխանաբար 1976 եւ 1980 թթ.: 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից հետո ԽՍՀՄ կառավարության հատուկ որոշմամբ կայանը կանգնեցվեց: 1995 թ. նոյեմբերի 5-ին, 6,5 տարվա պահածոյացումից հետո, վերագործարկվեց ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկը: ՀԱԷԿ-ը ներկայումս տարեկան արտադրում է 2 մլրդ. կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Հայաստանի էլեկտրաէներգետիկական ճյուղի հեռանկարային զարգացման ծրագիրը մշակված երկու հիմնական տարբերակով` միջուկային եւ անմիջուկային: Հայաստանի կառավարությունը 2006 թվականին հայտարարեց, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կլրանա 2016 թվականին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play