ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՔ
ՏԱՐԲԵՐԱԿ Է ՄՇԱԿՎԵԼ
25-06-2008 18:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս աղետի գոտում
հաշվառված են 6985 անօթեւան քաղաքացիներ, այդ թվում` 1800 միայնակ
ծերեր: Նրանց բնակարաններով ապահովելու համար կպահանջվի մոտ 77
մլրդ դրամ (մոտ 252 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին երկրաշարժի
հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման
ծրագրերի մշակման եւ իրականացման նպատակով ստեղծված
միջգերատեսչական հանձնաժողովի հունիսի 25-ի նիստում հայտնեց ՀՀ
վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա, անօթեւանների համար բնակարանների կառուցման
ֆինանսավորման նպատակով երեք տարբերակ է մշակվել: Մասնավորապես,
պետությունը հայտարարում է մասնավոր շինկազմակերպության ընտրության
մրցույթ եւ պարտավորվում 23 տարվա ընթացքում պետբյուջեից գումարներ
հատկացնել այդ կազմակերպությանը: Ընդ որում, ամեն տարի վճարումները
պետք է իրականացվեն շուկայական գներով:
Հաջորդ տարբերակը հիպոտեկային հիմնադրամի ստեղծումն է: Ըստ
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, հիմնադրամը, որը
կունենա նաեւ պետական մասնակցություն, շինկազմակերպությանը
կտրամադրի գումարի մի մասը, այնուհետեւ այդ գումարի դիմաց կթողարկի
հիպոտեկային արժեթղթեր, որոնք մեկ տարում կտեղաբաշխվեն: Դրանից
հետո հիմնադրամը կտրամադրի մնացած գումարը: Հիպոտեկային վարկը
նախատեսվում է տրամադրել 15 տարով` 9% տոկոսադրույքով: Բնակտարածքի
1 քառ.մ-ի կառուցման համար հաշվարկվել է 235 հազար դրամ, ինչը ՀՀ
Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի կարծիքով շատ
բարձր թիվ է: Վերջին տարբերակը վաուչերների տրամադրումն է:
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ
Գյումրիում կան 619 անավարտ շինօբյկետներ, որոնցից միայն 136-ն են
պիտանի հետագա շինարարության համար: Ըստ նրա, եթե կառուցվի 50
բնակարանանոց 60 շենք, ապա Գյումրիում բնակարանային խնդիրը
կլուծվի: Սակայն Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը նշեց, որ
այդ օբյեկտներից եւ ոչ մեկը պիտանի չէ շինարարության համար:
Որոշում ընդունվեց մինչեւ օգոստոսի 1-ը մշակել նշված
աշխատանքների իրականացման եւ խնդիրների լուծման համապատասխան
հայեցակարգ: