ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՔ<br /> ՏԱՐԲԵՐԱԿ Է ՄՇԱԿՎԵԼ<br />


ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՔ
ՏԱՐԲԵՐԱԿ Է ՄՇԱԿՎԵԼ

  • 25-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս աղետի գոտում հաշվառված են 6985 անօթեւան քաղաքացիներ, այդ թվում` 1800 միայնակ ծերեր: Նրանց բնակարաններով ապահովելու համար կպահանջվի մոտ 77 մլրդ դրամ (մոտ 252 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի մշակման եւ իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հունիսի 25-ի նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, անօթեւանների համար բնակարանների կառուցման ֆինանսավորման նպատակով երեք տարբերակ է մշակվել: Մասնավորապես, պետությունը հայտարարում է մասնավոր շինկազմակերպության ընտրության մրցույթ եւ պարտավորվում 23 տարվա ընթացքում պետբյուջեից գումարներ հատկացնել այդ կազմակերպությանը: Ընդ որում, ամեն տարի վճարումները պետք է իրականացվեն շուկայական գներով: Հաջորդ տարբերակը հիպոտեկային հիմնադրամի ստեղծումն է: Ըստ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, հիմնադրամը, որը կունենա նաեւ պետական մասնակցություն, շինկազմակերպությանը կտրամադրի գումարի մի մասը, այնուհետեւ այդ գումարի դիմաց կթողարկի հիպոտեկային արժեթղթեր, որոնք մեկ տարում կտեղաբաշխվեն: Դրանից հետո հիմնադրամը կտրամադրի մնացած գումարը: Հիպոտեկային վարկը նախատեսվում է տրամադրել 15 տարով` 9% տոկոսադրույքով: Բնակտարածքի 1 քառ.մ-ի կառուցման համար հաշվարկվել է 235 հազար դրամ, ինչը ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի կարծիքով շատ բարձր թիվ է: Վերջին տարբերակը վաուչերների տրամադրումն է: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ Գյումրիում կան 619 անավարտ շինօբյկետներ, որոնցից միայն 136-ն են պիտանի հետագա շինարարության համար: Ըստ նրա, եթե կառուցվի 50 բնակարանանոց 60 շենք, ապա Գյումրիում բնակարանային խնդիրը կլուծվի: Սակայն Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը նշեց, որ այդ օբյեկտներից եւ ոչ մեկը պիտանի չէ շինարարության համար: Որոշում ընդունվեց մինչեւ օգոստոսի 1-ը մշակել նշված աշխատանքների իրականացման եւ խնդիրների լուծման համապատասխան հայեցակարգ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play