Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի տեսնում


 

Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի տեսնում

  • 07-06-2026 10:56:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի տեսնում և այդ մասին խոսակցությունները համարում է արհեստական։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցերին։ «Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ են և հենված են փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանում գործող որոշ քաղաքական ուժեր փորձում են լարվածություն ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, սակայն այդ փորձերը արդյունք չեն տալիս։«Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունենք շատ սերտ հարաբերություններ»,- հայտարարել է Փաշինյանը։

Վերջին շրջանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կրկին ակտիվ քննարկումների առարկա են դարձել՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի մասնակցության, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և Մոսկվայից հնչող հայտարարությունների համատեքստում։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել, որով անհրաժեշտ էին համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ Եվրամիության ուղղությամբ շարժվելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի այդ որոշման տնտեսական հետևանքները։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է բաց և անկեղծ ներկայացնեն քաղաքացիներին ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ԵԱՏՄ-ին առնչվող հնարավորություններն ու ռիսկերը և համապատասխան որոշում կայացնեն։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։ Այդ համատեքստում Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից մի շարք պտուղբանջարեղենային արտադրանքի ներմուծումը՝ որոշումը հիմնավորելով ֆիտոսանիտարական խախտումներով։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը