1in.am ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ ռուսաստանյան Regnum գործակալությունը «բացատրել» է Հայաստանի և հետխորհրդային տարածքի այլ երկրների նկատմամբ Մոսկվայի «կոշտությունը»։ Ըստ լրատվամիջոցի, որ ունի ՌԴ ԱԳՆ և հատուկ ծառայությունների հետ աֆիլացվածի համարում, «պետք է հասկանալ, որ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ներդրումները բարի կամքի դրսևորում չեն և ոչ էլ «գաղութատիրության տարիների դիմաց փոխհատուցում», դրանք ռուսաստանյան պետության կողմից արվում են, որպեսզի ամրապնդվի իր անվտանգությունը և բարձրանա իր քաղաքացիների կենսամակարդակը»։
Ասված է շատ անկեղծորեն, ինչի համար կարելի է միայն շնորհակալություն հայտնել, բայց շարունակությունը ավելի օրիգինալ է․ «Հատկապես դրա համար է ստեղծվել Եվրասիական տնտեսական միությունը, որ պետք է հետխորհրդային հսկայական տարածքում ռուսաստանյան ապրանքների համար միասնական շուկա ստեղծեր։ Հատկապես դրա համար է ստեղծվել ՀԱՊԿ-ը, որպեսզի ռուսաստանյան սահմանների երկայնքով կանխվեն անկայությունը և պատերազմները։ Հատկապես դրա համար է Ռուսաստանը առայսօր պահպանում ԱՊՀ կառույցները, որ հետխորհրդային երկրների պոտենցիալ փոխշահավետ ինտեգրացիայի հիմքն են դրել»։
Խոստովանենք, որ Ռուսաստանի պետական եւ քաղաքական գործիչները, դիվանագետները և փորձագետները նման տրամաբանական «շղթա» դեռևս չեն հրապարակայնացրել։ Ստացվում է, որ ԱՊՀ-ն ոչ թե անկախ պետությունների համագործակցության, այլ՝ հետխորհրդային երկրների «փոխշահավետ ինտեգրացիայի» ինստիտուտ է, որ հենվում է «հետխորհրդային հսկա տարածքում ռուսաստանյան ապրանքների գերակայության» և Ռուսաստանի սահմանների երկայնքով ՀԱՊԿ «անվտանգային հովանոցի» վրա։
Այսինքն, Ռուսաստանի խնդիրը ոչ թե նախկին «գաղութների» հետ իրավահավասար հարաբերություններն են, այլ՝ հետխորհրդային «հսկայական տարածքի պոտենցիալ փոխշահավետ ինտեգրացիան» է։ Սա այն է, ինչի մասին արևմտյան փորձագետները խոսում են որպես «ԽՍՀՄ-ը վերականգնելու Պուտինի ծրագրի»։ Լրատվամիջոցը, գուցե, միտումնավոր «բարձր նոտա է վերցրել», դրանից հրապարակման իմաստը և քարոզչական նշանակությունը չի փոխվում։
Ռուսաստանը Ուկրաինայի հետ հինգերորդ տարին է՝ ծանր պատերազմ է մղում։ Դրա գինը կարող է լինել միայն «հետխորհրդային հսկայական տարածքի ինտեգրացիան»։ Որքանո՞վ է այդ նպատակը հասանելի, այլ հարց է։ Կոնկրետ իրավիճակում խնդիր է, թե Հայաստանի վարչապետին որքանո՞վ կհաջողվի ԵԱՏՄ գործընկերների մոտ ընկալման և աջակցության արժանանալ։ Փաշինյանի գնահատականը, որ «եթե ԵԱՏՄ պայմանագիրը չի գործում, չի գործում նաև ԵԱՏՄ-ն», իրավական առումով ստույգ է։ Բայց նույն կերպ ՀԱՊԿ-ն էլ Հայաստանի անվտանգության ապահովման ինստիտուտ էր, որ չգործեց։