Ալիևը կփորձի՞ Էրդողանին և Նաթանյահուին «հաշտեցնել»
22-08-2026 15:01 Քաղաքականություն
1in.am Իսրայելը արդեն վաղուց չի տպավորվում Թուրքիայի երեսպաշտությունից։ Էրդողանը հակասեմիտ բռնապետ է, որ քրդերի կոտորած է կազմակերպել, պաշտպանում է ՀԱՄԱՍ-ի կազմակերպած կոտորածը և ճնշում սեփական ժողովրդին։ Իսրայելը կշարունակի վճռականորեն գործել տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերի և իր անվտանգության ցանկացած սպառնալիքի դեմ։ Օգոստոսի 21-ին այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը։
Նույն օրը Թուրքիայի նախագահը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է Sumud նավատորմի դեմ «բռնություն գործադրելու» գործով մեղադրվող՝ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի նկատմամբ միջազգային «կարմիր ծանուցում» նախաձեռնել։ Այդ ընթացակարգը կիրառելու դեպքում Նաթանյահուի դեմ կարող է կայացվել ձերբակալության որոշում։
Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունը հաջորդել է կառավարության նիստին։ The Jerusalem Post-ին հայտնի է դարձել, որ մի քանի ժամ տեւած քննարկումների ընթացքում «վարչապետ Նաթանյահուն համապատասխան հանձնարարություններ է տվել նաև հետախուզական ծառայությունների ղեկավարին»։ Նախօրեին հայտնի է դարձել, որ «Մոսադի» տնօրեն Ռոման Հոֆմանը Սիրիայի արտաքին գործերի նախարար Շայբանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում «հորդորել է ձեռնպահ մնալ սիրիական տարածքի ռազմականացման քայլերից»։
Թուրք-իսրայելական լարվածությունը, կարելի է ասել, թևակոխել է հատուկ ծառայությունների և ռազմական հետախուզության սուր մրցակցության փուլ։ Խիստ ուշագրավ է, որ հենց այդ համատեքստում Ադրբեջանը ամերիկյան CNN հեռուստաընկերության դեմ դատական հայց է հարուցել։ Պատճառը հեռարձակված մի հաղորդում է, որտեղ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցը պնդել է, որ Ադրբեջանի «հարավային շրջաններում Իսրայելը հատուկ նշանակության զորախումբ և մշտադիտարկման սարքավորումներ է տեղաբաշխել»։
Այս փուլում դա կարող է հարուցել արդեն Թուրքիայի դժգոհությունը։ Ադրբեջանը կապեր ունի նաև Սիրիայի հետ։ Minval-politika- ն գրել է, որ նախկինում թուրք և իսրայելցի բանակցողները «մի քանի անգամ հանդիպել են Բաքվում»։ Եթե թուրք-իսրայելական լարվածությունը չլիցքաթափվի, իսկ այդպիսի նախանշաններ չկան, ապա Ադրբեջանի իշխանություններին սպասվում է բավական բարդ իրավիճակ։ Ալիևը կփորձի՞ Էրդողանին և Նաթանյահուին «հաշտեցնել»։