TRIPP. խաղաղության նոր տնտեսական աշխարհագրությունը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

TRIPP. խաղաղության նոր տնտեսական աշխարհագրությունը

22-09-2026 17:08 Քաղաքականություն
TRIPP. խաղաղության նոր տնտեսական աշխարհագրությունը
1in.am Atlantic Council-ի Eurasia Center-ի փոխտնօրեն Էնդրյու Դ’Անիերին Բաքվից հրապարակած նոր վերլուծության մեջ Հարավային Կովկասը նկարագրում է կապուղիների, ներդրումների և տնտեսական մրցակցության լեզվով։ TRIPP-ը նրա հոդվածում ներկայացվում է որպես տարածաշրջանային տնտեսական հանգույց՝ կապված Միջին միջանցքի, Կենտրոնական Ասիայի և ամերիկյան ներդրումային գործիքների հետ։
 
Այս դիտանկյունը կարևոր է հենց իր մասշտաբով։ Դ’Անիերին այս երեք ուղղությունները՝ էներգետիկան, տարանցումն ու կապիտալը, դիտարկում է որպես ձևավորվող նոր տարածաշրջանային տնտեսական համակարգի փոխկապակցված բաղադրիչներ։ Հայաստանի հարավով նախատեսվող կապուղին այդ պատկերի մեջ ստանում է լայն գործառույթ։ Այն կարող է միացնել Կասպից ծովից եկող առևտրային ուղիները Թուրքիայի և եվրոպական շուկաների հետ, իսկ ամերիկյան ֆինանսական մասնակցությունը կարող է ենթակառուցվածքին տալ երկարաժամկետ քաղաքական կշիռ։ Atlantic Council-ի հեղինակը Բաքվին ուղղակի առաջարկում է ԱՄՆ-ի հետ մշակել լոգիստիկ նախագծեր, որոնք լրացնում են TRIPP-ը և Trans-Caspian Enterprise Fund-ի տրամաբանությունը։
 
Պատմության մեջ ճանապարհները հազվադեպ են մնացել պարզապես ճանապարհ։ Սուեզի ջրանցքի բացումը 1869-ին փոխեց միջազգային առևտրի հիմնական երթուղիները և արագ դարձավ մեծ տերությունների ռազմավարական հաշվարկի մաս։ Եվրոպայի հետպատերազմյան առաջին ինտեգրացիոն կառույցը ևս կառուցվեց նյութական շահերի շուրջ․ 1951-ին վեց պետություն ածուխի և պողպատի արտադրությունը դրեցին ընդհանուր կառավարման ներքո՝ խաղաղությունը տնտեսական փոխկախվածությամբ ամրացնելու նպատակով։
 
Հարավային Կովկասում արդեն ուրվագծվում է այդ տրամաբանության առաջին գործնական շերտը։ Խաղաղության համաձայնությունը ստեղծում է քաղաքական հիմքը, իսկ առևտուրը, տարանցումը, էներգետիկ կապերն ու ներդրումները այն վերածում են առօրյա շահերի համակարգի։ Երբ սահմանով անցնում են ապրանք, կապիտալ և էներգիա, խաղաղությունը դադարում է մնալ միայն դիվանագիտական փաստաթուղթ և ստանում է տնտեսական հենարան։
 
Դ’Անիերիի ուշագրավ դիտարկումներից մեկը վերաբերում է Հայաստանի կողմից ադրբեջանական նավթի և գազի փոքր ծավալների գնումներին։ Նա այդ առևտուրը տեղադրում է Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից հեռանալու գործընթացի մեջ։ Փոքր ծավալի այս շարժը ցույց է տալիս մատակարարման ուղղությունների բազմազանեցման հնարավորությունը և նոր տարածաշրջանային շուկայի առաջին տարրերը։
 
Նույն բառապաշարը սեպտեմբերի 21-ի ուղերձում օգտագործեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա TRIPP-ը մեկ շարքում կապեց տնտեսական կապակցվածության, ամերիկյան ներդրումների և Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների հետ։ Ամերիկյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում TRIPP-ը աստիճանաբար ընկալվում է որպես ավելի լայն տարածաշրջանային կապակցվածության և արևմտյան ներդրումային ներգրավման կարևոր օղակ։
 
Հայաստանի համար սա բացում է սկզբունքային հարց։ Տասնամյակներ շարունակ երկրի աշխարհագրությունը հաճախ նկարագրվել է փակ սահմանների, շրջափակման և սահմանափակ ընտրությունների միջոցով։ Նոր կապուղիները կարող են այդ աշխարհագրությանը տալ տնտեսական այլ բովանդակություն։ Տարածքը դառնում է ակտիվ, երբ դրա վրայով շարժվում են ապրանք, կապիտալ, էներգիա և տվյալներ։ Այդ շարժը ստեղծում է նաև գործընկերների շահագրգռվածություն Հայաստանի կայունության նկատմամբ։
 
Միջին միջանցքի տրամաբանությունն էլ հենց սա է։ Այն մի ճանապարհ չէ՝ այլ նավահանգիստների, երկաթուղիների, ավտոմայրուղիների, մաքսային համակարգերի, ֆինանսավորման, ապահովագրության և թվային վերահսկման մի ամբողջ շղթա։ TRIPP-ի աշխարհաքաղաքական նշանակությունը կախված կլինի այդ շղթայի մեջ Հայաստանի իրական ներգրավվածության աստիճանից։ Պարզ տարանցիկ ուղին Հայաստանին սահմանափակ տնտեսական օգուտ կտա։ Իրական արժեքը կստեղծվի այն դեպքում, երբ դրա շուրջ ձևավորվեն արտադրություն, ծառայություններ, ներդրումներ, նոր աշխատատեղեր և հարկային եկամուտներ։
 
Հայաստանի երկարամյա կախվածությունը Ռուսաստանից ձևավորվել է միաժամանակ մի քանի առանցքով՝ էներգետիկա, տրանսպորտ, շուկաներ և անվտանգություն։ Նոր հաղորդակցությունների, մատակարարման աղբյուրների և ներդրումային ուղղությունների բացումը աստիճանաբար փոխում է այդ համակարգը։ Դ’Անիերին նման վերադասավորում է տեսնում նաև Ադրբեջանի համար՝ Բաքվին առաջարկելով ամերիկյան կապիտալով զարգացնել լոգիստիկան և ծառայությունները՝ նավթային տնտեսությունից կախվածությունը թուլացնելու երկարաժամկետ հաշվարկով։
 
Այս համատեքստում TRIPP-ը վաղուց արդեն միայն ճանապարհի կամ երկաթուղու նախագիծ չէ։ Այն դառնում է ձևավորվող տնտեսական տարածքի մի օղակ, որը կապում է Հայաստանը և Ադրբեջանը Կասպից ավազանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի, եվրոպական շուկաների և ամերիկյան կապիտալի հետ։
 
Այդ համակարգի գործարկումը խաղաղությանը կարող է տալ ամենակարևոր հենարանը՝ փոխադարձ և երկարաժամկետ տնտեսական շահը։ Քաղաքական համաձայնագիրը կարող է ստորագրվել մեկ օրում, սակայն դրա ամրությունը ձևավորվում է տարիների տնտեսական փոխկապվածությամբ։ TRIPP-ի իրական կշիռը, հետևաբար, որոշվելու է ոչ ճանապարհի երկարությամբ, այլ Հայաստանի ներսում ստեղծված արժեքով՝ ներդրումներով, արտադրությամբ, ծառայություններով, աշխատատեղերով և երկրի տնտեսական նշանակության աճով։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 80 անգամ