«ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է» ՊԻԵՍԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՉԵԽ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ
09-10-2008 18:40:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայում բնակվող
երիտասարդ ռեժիսոր Անդրան Աբրահամյանը մասնակցում է «Հայֆեստ»
միջազգային 6-րդ երեւանյան փառատոնին` Վ.Սարոյանի «Իմ սիրտը
լեռներում է» ստեղծագործության բեմականացումով: 2001 թվականին
հիմնադրված չեխական «Անէքսյուզդ» թատրոնում բեմադրված այս պիեսի
պրեմիերան կկայանա Կամերային թատրոնում հոկտեմբերի 9-ին: 23-ամյա
ռեժիսորի խոսքերով, թեեւ ներկայացման մեջ ներգավված դերասանները
ազգությամբ չեխեր են, սակայն շատ լավ զգացել են Սարոյանի շունչն ու
հոգին:
Նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ երիտասարդ
արվեստագետը նշեց, որ Սարոյանի այդ գործը ինքը թարգմանել է
չեխերեն, ապա նոր` սկսել բեմադրել: «Ես շատ եմ սիրում Սարոյանի
ստեղծագործությունները եւ կարդացել եմ գրեթե բոլոր գործերը:
Սկզբում ուզում էի բեմադրել «Վագրը» պատմվածքը, սակայն հետո
որոշեցի բեմադրել «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, քանի որ այդ երկու
գործերը հեղինակը գրել է նույն ժամանակահատվածում` 30-ական
թվականներին, եւ համահունչ են իրար»,- նշեց նա:
Պիեսը բեմադրելուց հետո նա կապ է հաստատել Սարոյանի որդու`
Արամի հետ` խնդրելով հեղինակային իրավունքի թույլտվություն: