ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 6 ՀԿ-ՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 6 ՀԿ-ՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

  • 08-05-2008 14:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շահույթ չհետապնդող հայաստանյան վեց հասարակական կազմակերպություններ քաղաքացիական ներգրավվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացման համար Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի կողմից կստանան դրամաշնորհներ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀԲ-ի Երեւանի գրասենյակից: «Մենք պլյուս» կազմակերպությանը դրամաշնորհ կտրվի տարեվերջին Գյումրիում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկողների իրազեկվածության պատշաճ մակարդակն ապահովելու նպատակով: Հայ-ֆրանսիական զարգացման հիմնադրամը ստացած դրամաշնորհով կօժանդակի լսողության խանգարումներ ունեցողների հատուկ դպրոցների շրջանավարտների սոցիալական ինտեգրմանը, իսկ Կայուն ջրային միջավայրի բնապահպանական-գիտական ՀԿ-ն` կխթանի բնապահպանական խնդիրներում երիտասարդության քաղաքացիական մասնակցությունը, մասնավորապես կօժանդակի Վանաձորի եւ Դիլիջանի բուհական ուսանողությանը բնապահպանական ոլորտում գիտելիքների ձեռքբերման հարցում: «Կրթության ասպարեզ» ՀԿ-ն կուսումնասիրի Շիրակի մարզի միջնակարգ դպրոցների խնդիրները, իսկ «ՍԿԱՐՓ» Առողջարարական կենտրոն ՀԿ-ն կխթանի շարժունակության խնդիրներ ունեցող հաշմանդամ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը: «Փաստաբանները մարդու իրավունքների համար» կազմակերպությանը դրամաշնորհը տրվել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) գործունեության վերաբերյալ գյուղական բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Նշենք, որ վերջին 10 տարիներին 53 տեղական ՀԿ-եր ստացել են ընդհանուր առմամբ 491 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play