ՄԻԼԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՆԱՀԱՊԵՏ ԷՆՑՈ<br /> ԲԻԱՋԻՆ<br />


ՄԻԼԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՆԱՀԱՊԵՏ ԷՆՑՈ
ԲԻԱՋԻՆ

  • 06-11-2007 19:50:00   | Իտալիա  |  Միջազգային
ՄԻԼԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 6-ին առավոտյան Միլանի կլինիկաներից մեկում կյանքի 88-րդ տարում վախճանվել է իտալական ժուռնալիստիկայի նահապետ Էնցո Բիաջին, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Նա մամուլում սկսել է աշխատել, երբ 18 տարեկան պատանի էր, պրոֆեսիոնալ լրագրող է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, իսկ 1943 թվականի սեպտեմբերին որոշում է միանալ հակաֆաշիստ-պարտիզաններին: 1945 թվականի ապրիլին Բիաջին դաշնակից զորքերի հետ միասին մտնում է Բոլոնիա եւ ավելի ուշ ռադիոյով հայտարարում պատերազմի ավարտը: Իր երկար կյանքի ընթացքում Բիաջին հասցրել է աշխատել Իտալիայի բոլոր առաջատար օրաթերթերում, բայց մեծ համբավի է արժանանում որպես ՌԱԻ ազգային հեռուստատեսության լրագրող, որտեղ նա սկսում է աշխատել դեռ 1950-ականներին: Նա եղել է իտալական հեռուստատեսության նորությունների ծառայության տնօրենը, բազմաթիվ սիրված հեղինակային հեռուստածրագրեր վարել: Սկսած 1991 թվականից, Բիաջին քսան տարի շարունակ ամեն տարի նոր ծրագիր էր պատրաստում, որն ամեն օր եթեր էր հեռարձակվում ՌԱԻ առաջին ալիքով փրայմ-թայմ:
Նոյյան տապան  -   Միջազգային