ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ<br /> ԵՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ <br />


ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԶՈՐԱԿՈՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԵՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  • 29-10-2007 18:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 27-ին Գյումրի քաղաքում շահագործման հանձնվեց Շիրակի կայազորի զինվորական դատախազության հիմնանորոգված վարչական շենքը: 2007թ. մայիսին սկսված հիմնանորոգմանը ՀՀ պետբյուջեից հատկացվել է 13 մլն. 800 հազար դրամ: Հանդիսավոր արարողությանը մասնակցող ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկված գարնանային զորակոչում ի հայտ եկած թերացումներին: Ըստ նրա, հիմնականում թերությունները վերաբերվում էին զորակոչիկների հետախուզման աշխատանքներին: Ի հայտ են բերվել նաեւ զորակոչիկների ոչ լիարժեք բժշկական հետազոտություն իրականացման փաստեր: Մասնավորապես, թերություններ էին արձանագրվել հանրապետական բժշկական հանձնաժողովի աշխատանքներում, որի մեղքով մի շարք զորակոչիկների հիվանդությունները հայտնաբերվել են արդեն զորակոչվելուց հետո. նրանք նորից հետազոտվել են եւ ազատվել զինվորական ծառայությունից: Հայտնաբերվել են նաեւ զինվորական ծառայությունից անհիմն ազատումների դեպքեր: Նշված փաստերով պետք է ստուգումներ իրականացվեն եւ անհրաժեշտ հիմքերի առկայության պարագայում կհարուցվեն քրեական գործեր: ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց, որ հարյուրավոր դեպքեր կան, երբ կամավոր ներկայանալու դեպքում զորակոչից խուսափած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից եւ զորակոչվում զինվորական ծառայության: Այս տարվա գարնանային զորակոչի ժամանակ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ կարճվել է 235 քրեական գործ եւ պաշտպանության նախարարության հատուկ հաշվին է փոխանցվել 265 մլն. դրամ (մոտ 814 հազար ԱՄՆ դոլար): Իսկ օրենքը գործողության մեջ մտնելու պահից առայսօր պետբյուջե է մուծվել 1 մլրդ 600 մլն դրամ: ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց, որ «Զինապարտության մասին» օրենքի լրացումների վերաբերյալ հարցը քննարկվել է դատախազությունում, առաջարկություններ են արվել, որոնք հաշվի են առնվել, որոնք, ըստ ակնկալիքի, կնպաստի օրենքի ճիշտ կիրառմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն