ՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ ԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
ԿԱՅԱՆԱԼԻՔ ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ
03-10-2007 18:05:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի
նախարարության Հրատարակչական գործի գործակալության եւ Հայաստանի
Հրատարակիչների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) նախաձեռնությամբ
հայաստանյան մի շարք հրատարակչություններ կմասնակցեն հոկտեմբերի
10-14-ին Ֆրանկֆուրտում անցկացվելիք Գրքի 59-րդ միջազգային
տոնավաճառ-ցուցահանդեսին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին
հայտնեց ՀԱԱ-ի նախագահ Վահան Խաչատրյանը, ցուցահանդեսում առանձին
տաղավարով «Անտարես», «Զանգակ», «Կոլաժ», «Նահապետ» եւ այլ
հրատարակչություններ կներկայացնեն գրական-գեղարվեստական,
գիտահանրամատչելի, մանկապատանեկան եւ ուսումնական մոտ 200 անուն
տպագիր արտադրանք: Դրանց մի մասը կազմելու են Հայոց
ցեղասպանությանը նվիրված աշխատությունները:
Ըստ Վ.Խաչատրյանի, նախատեսվում է, որ ցուցահանդեսի ընթացքում
հայ հրատարակիչները պայմանագրեր կկնքեն տարբեր երկրների
հրատարակիչների, գրավաճառ ֆիրմաների եւ տպագրատների հետ:
ՀԱԱ-ի նախագահը նշեց, որ հայ հրատարակիչները կմասնակցեն նաեւ
հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Ստամբուլում կայանալիք գրքի
ցուցահանդեսին: