ԱՇԽԱՐՀԻ ԵԶԴԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ`<br /> ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵԶԴԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՇԽԱՐՀԻ ԵԶԴԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՑ`
ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐԱՔԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵԶԴԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

  • 19-06-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` Իրաքի հյուսիային մասում բնակվող եզդիների անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Հունիսի 19-ի ասուլիսում նա նշեց, որ քրդերի «ազգային-ազատագրական շարժումը» ճնշելու նպատակով թուրքական բանակը մտնում է Իրաքի հյուսիային մասը, որտեղ ապրում են նաեւ 1,2 մլն եզդիներ: Ըստ Ա.Թամոյանի, այնտեղ բնակվող եզդիները ենթարկվում են նաեւ տեղի մուսուլմանների հալածանքներին: «Մեր բնօրրանը Իրաքի հյուսիսային մասն է, որտեղ եզդիները ապրում են 5 հազար տարուց ավելի»,- ասաց Ա.Թամոյանը: Սակայն, նրա խոսքերով, վերջին երկու ամիսների ընթացքում այնտեղ եզդիների վիճակը կտրուկ վատթարացավ. երկու ամիս առաջ մուսուլմանները մի օրում 24 հոգու գնդակահարեցին միայն եզդի լինելու պատճառով: Եվ եզդիների նկատմամբ այդ ահաբեկությունը մինչ օրս շարունակվում է: Ջ.Բուշին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Իրաքը կարող է մասնատվել` ստեղծելով շիաների, սուննիների եւ քրդական պետություններ»: Ա.Թամոյանը կարծում է, որ այս երեք պետությունների կողքին անպայման պետք է ստեղծվի նաեւ Եզդիստան պետությունը: «Մեր խնդրանքն է, որ այդ տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական մաս: Մենք ուզում ենք, որ ԱՄՆ-ն լուծի մեր հարցերը` որպես աշխարհի հզոր պետություն: Մենք անպաշտպան ժողովուրդ ենք Իրաքում: Այսօր եզդի ժողովրդի բախտը կախված է միմիայն ԱՄՆ-ից, որովհետեւ իրենց զորքը արդեն Իրաքում է»,- ասաց Աշխարհի եզդիների ազգային միության առաջնորդը` ավելացնելով, որ ամերիկյան զորքը ուղղակի պետք է թույլ չտա թուրքերին` վնասել Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն