ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • 30-05-2007 16:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում կստեղծվի քնի խանգարումների բուժման կենտրոն, որը, հավանաբար, կսկսի գործել ամառվա երկրորդ կեսից` Սրտաբանության ինստիտուտում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգայի նախագահ Սամսոն Խաչատրյանը, կենտրոնը կունենա քնի խանգարումներն ախտորոշող ժամանակակից լաբորատորիա: Ըստ Ս.Խաչատրյանի, ներկայումս քնաբանությունը ողջ աշխարհում բժշկության արագ զարգացող ուղղություններից մեկն է, իսկ քնի խանգարումները կարող են գլխուղեղի կաթվածի, սրտամկանի սուր ինֆարկտի, ինչպես նաեւ հանկարծամահության պատճառ դառնալ: Որպես քնի հիմնական խանգարումներ նա նշեց անքնությունը, քնի ժամանակ շնչառության կանգը, ցերեկային գերարտահայտված քնկոտությունը: Ս.Խաչատրյանի խոսքերով, Հայաստանում քնի խանգարումները մինչ օրս չեն ախտորոշվում եւ դեռեւս դուրս են մնում առաջնային օղակի բժիշկների եւ նեղ մասնագետների ուշադրության կենտրոնից: Սակայն, ըստ նրա, շուտով կիրականացվի քնի հիմնական խանգարումների վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություն եւ կմշակվեն տեղեկատվական նյութեր թե' կենտրոնի հաճախորդների եւ թե' մասնագետների համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն