ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 1-15-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԱՐԵՎՈՐԴԻ»<br /> ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԻԼԻ 1-15-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԱՐԵՎՈՐԴԻ»
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 31-01-2007 15:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դիլիջանում ապրիլի 1-15-ը կանցկացվի «Արեւորդի» բնապահպանական տարածաշրջանային առաջին փառատոնը: Բնապահպանական այս փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանում բնության եւ մշակութային արժեքների պահպանման բարեգործական հիմնադրամը եւ «Արեւորդի» հասարակական կազմակերպությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին հիմնադրամից, փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը բեւեռել տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրներին, ստեղծել տարածաշրջանային կոնֆլիկտներն ու լարվածությունը շրջանցող համագործակցության չեզոք դաշտ, որը կնպաստի նոր եւ արդյունավետ լուծումների որոնմանը: Փառատոնի շրջանակներում նախատեսվում են ֆիլմերի ցուցադրություններ` մրցութային եւ արտամրցութային բաժիններում, ֆոտոցուցահանդեսներ, համերգ-ակցիաներ, ինչպես նաեւ մի շարք բնապահպանական միջոցառումներ, արշավներ, ծառատունկ, աղբահավաք հանրապետության տարբեր շրջաններում: Բացի այդ, փառատոնի օրերին միջազգային փորձի փոխանակման նպատակով կկազմակերպվեն բնապահպանական սեմինարներ, որոնց կմասնակցեն տարածաշրջանից եւ արտերկրից հրավիրված փորձագետներ, բնապահպաններ ու լրագրողներ: Սեմինարների ընթացքում կքննարկվեն այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են շահերի պաշտպանությունը, բնապահպանական կոալիցիայի ստեղծումը, ցանցային համագործակցությունը եւ տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացումը: Փառատոնի առաջնորդողը «Երեխաների համար, երեխաների ակտիվ մասնակցությամբ» կարգախոսն է լինելու: Երեխաներին բնության հետ մերձեցնելու, հայրենի բնաշխարհի արժեքները գնահատելու, բնապահպանական խնդիրների շուրջ հետաքրքրություն առաջացնելու նպատակով հիմնադրամի ջանքերով արդեն իսկ մարզային դպրոցներում կազմակերպվում են դասընթացներ, ցուցադրվում են բնապահպանական ֆիլմեր: Տրամադրելով համապատասխան սարքավորումներ եւ մասնագիտական խորհրդատվություն, երեխաներին հնարավորություն է ընձեռվում նկարահանել սեփական բնապահպանական ֆիլմերը, որոնցից լավագույնները կներկայացվեն փառատոնի ֆիլմերի մրցութային բաժնում: Հաղթողներին կշնորհվեն մրցանակներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play