ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ` «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՄԲ»
15-06-2006 17:50:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 16-17-ը Երեւանում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի Ազգային հանձնաժողովը անցկացնելու է
«Մշակութային ժառանգության պահպանման բարելավումը օրենսդրական
դաշտի կատարելագործմամբ» խորագրով տարածաշրջանային սեմինար:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ
տեղեկատվության վարչությունից, սեմինարը կընդգրկի շահագրգիռ բոլոր
հաստատությունների եւ ծառայությունների ներկայացուցիչներին, այդ
թվում ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության,
Հուշարձանների պահպանության գործակալության, քաղաքապետարանի,
ICOMOS-ի (Հուշարձանների եւ տեսավայրերի միջազգային խորհուրդ)
հայկական կոմիտեի, տարածքային կառավարման եւ մշակութային
ժառանգությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների
ներկայացուցիչներին:
Որպես գլխավոր զեկուցող սեմինարին հանդես կգա Համաշխարհային
ժառանգության կենտրոնի եւ ICOMOS-ի փորձագետ Դեւիդ Միշելմորը,
Վրաստանի եւ Իրանի ICOMOS-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ
Ռուսաստանի եւ Ուկրաինայի փորձագետներ: