«ՖԻԳԱՐՈՅԻ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ Է
ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ
05-06-2006 12:55:00 | Ադրբեջան | Միջազգային
ԲԱՔՈՒ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանը դեմ է
արտահայտվում Իրանում ռազմական գործողության հեռանկարին եւ
երկյուղում տարածաշրջանի ապակայունացումից: Իրանյան ատոմային
ծրագրի պատճառով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հնարավոր հակամարտությունը
կարող է վերածվել «ապակայունացման, որը կանդրադառնա ողջ
տարածաշրջանի վրա»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը
ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում: «Մենք համարում
ենք, որ տարաձայնությունները պետք է հաղթահարվեն խաղաղ ճանապարհով,
դիվանագիտության միջոցով, բարի կամքի ոգով»,- ասել է նա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Ի.Ալիեւը հայտարարել
է, որ «այդ տարածքը Ադրբեջանի մասն է, եւ նրա երկրի տարածքային
ամբողջականությունը պետք է վերականգնվի, հայկական օկուպացիոն
ուժերը պետք է հեռանան, եւ միլիոնավոր ադրբեջանցիները, որոնք
ենթարկվել են էթնիկական զտման, պետք է հնարավորություն ունենան
վերադառնալու այնտեղ»: «Ադրբեջանը գտնվում է բուռն տնտեսական
զարգացման շեմին, իսկ Հայաստանը մեկուսացված է բոլոր
տարածաշրջանային նախագծերից,- ասվում է հարցազրույցում:- Նա չի
կարողանա դիմանալ մրցակցությանը եւ կտուժի աղքատությունից:
Հայաստանը պետք է հասկանա, որ իր օկուպացիայի քաղաքականությունը
ոչնչի չի հանգեցնի»: