ՋԵՅՀԱՆ ՀԱՍԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ
ԻՏԱԼԻԱ
01-06-2006 19:55:00 | Ադրբեջան | Միջազգային
ԲԱՔՈՒ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 28-ին
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով թուրքական Ջեյհան նավահանգիստ
հասած ադրբեջանական նավթի առաջին խմբաքանակը հունիսի 3-ին կբեռնվի
"Katoni" նավագնացական ընկերությանը պատկանող "The British
Hawtharne" հեղուկանավը եւ կուղարկվի Իտալիա: Այս մասին հաղորդում
է «Ազերթաջ» գործակալությունը:
Իսկենդերունի ծովային տրանսպորտի ընկերության նախագահ Մահմուդ
Զեյթունօղլուն հայտնել է, որ ադրբեջանական նավթը Ջեյհան
նավահանգիստ է հասել առանց որեւիցե խնդրի եւ հունիսի 3-ին
կբեռնարկվի հեղուկանավը:
Նշելով, որ հեղուկանավը բեռնված 85 հազար տոննա հում նավթը
կուղարկվի իտալական Սավոնա նավահանգիստ, Զեյթունօղլուն ընդգծել է,
որ դրանով իսկ սկսվում է Իսկենդերունի ծոցը կարեւոր միջազգային
նավթային միջանցքի վերածելու գործընթացը: