ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 01-12-2005 20:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 1-ին բրիտանացի ռեժիսոր Ջոն Մայբրիի «Բաճկոնը» հոգեբանական թրիլլերի ցուցադրությամբ մեկնարկեց եվրոպական ֆիլմերի փառատոնը: Արդեն երկրորդ անգամ անցկացվող փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի դեսպանատները, ՀՀ-ում Բրիտանական խորհուրդը եւ Սերվանտեսի ինստիտուտը: Ի տարբերություն նախորդի, այս տարի փառատոնը կանցկացվի Հայաստանի երկու քաղաքներում. Երեւանում` դեկտեմբերի 1-8-ը, եւ Գյումրիում` դեկտեմբերի 3-6-ը: Երեւանում տոմսերի վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով, իսկ Գյումրիում ֆիլմերը կցուցադրվեն անվճար: Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդիսատեսին կներկայացվեն 2005 թ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցած լավագույն եվրոպական եւ հայկական կարճամետրաժ ֆիլմերը: Ինչպես դեկտեմբերի 1-ին ասուլիսում նշեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչ Ռիչարդ Հարդը, այս փառատոնը մի յուրօրինակ հնարավորություն է, որպեսզի դիվանագետները մի պահ կտրվեն քաղաքականությունից եւ զբաղվեն արվեստով: Նրա խոսքերով, փառատոնի օրերին 10 տարբեր լեզուներով ֆիլմերը հնարավորություն կընձեռեն հայ հանդիսատեսին ծանոթանալ եվրոպական կինեմատոգրաֆի լավագույն նմուշներին:
Նոյյան տապան  -   Մշակույթ