ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼ Է 2007 Թ.-Ի ՉՈՐՐՈՐԴ<br /> ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ<br />


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼ Է 2007 Թ.-Ի ՉՈՐՐՈՐԴ
ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ

  • 25-12-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը հաշվարկել է 2007թ.-ի չորրորդ եռամսյակի բաղադրյալ տնտեսական ինդեքսները նախորդ եռամսյակի եւ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի նկատմամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ն հայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից, այս տարվա երրորդ եռամսյակի նկատմամբ չորրորդում գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 92,1%, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակի նկատմամբ` 98,1%, տնտեսական ակտիվության ինդեքսի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 78,6% եւ 84,3%, իսկ սպառողների վստահության ինդեքսի պարագայում, համապատասխանաբար, 92,6% եւ 96,5%: 2007.թ-ի չորրորդ եռմասյակի բաղադրյալ տնտեսական ինդեքսների հաշվարկման համար ընտրանքային սկզբունքով հետազոտվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների 844 կազմակերպություններ: Հարցման են ենթարկվել նաեւ 2961 տնային տնտեսություններ Երեւան քաղաքում եւ ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, նամակների եւ ֆաքսիմիլային կապի միջոցով: Գործարար միջավայրի ինդեքսը հաշվարկվել է ռիսկերի եւ ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացումով, տնտեսական ակտիվության ինդեքսը` թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի եւ պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների գնահատականների միջինացումով: Սպառողների վստահության ինդեքսը հաշվարկվել է տնային տնտեսության եկամուտների, կենցաղային ծախսերի եւ զբաղվածության փոփոխությունների, ինչպես նաեւ ներկա տնտեսական պայմանների գնահատականների միջինացումով: Հարցերը կրում են որակական բնույթ` պատասխանների «աճել է», «մնացել է անփոփոխ», «նվազել է» տարբերակներով: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետեւ դրական պատասխանների տեսակակար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների հաշվեկշիռները: Վերջիններիս արժեքները տատանվում են 0-100 միջակայքում: Ընդ որում, 50-ից բարձր արժեքը ցույց է տալիս դիտարկվող երեւույթի դրական միտում, 50-ից ցածր արժեքը` բացասական միտում, 50-ը նշանակում է անփոփոխ իրավիճակ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play