ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼ Է 2007 Թ.-Ի ՉՈՐՐՈՐԴ
ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ
25-12-2007 20:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը
հաշվարկել է 2007թ.-ի չորրորդ եռամսյակի բաղադրյալ տնտեսական
ինդեքսները նախորդ եռամսյակի եւ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի
նկատմամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ն հայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի
ծառայությունից, այս տարվա երրորդ եռամսյակի նկատմամբ չորրորդում
գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 92,1%, իսկ 2006թ.-ի չորրորդ
եռամսյակի նկատմամբ` 98,1%, տնտեսական ակտիվության ինդեքսի
պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 78,6%
եւ 84,3%, իսկ սպառողների վստահության ինդեքսի պարագայում,
համապատասխանաբար, 92,6% եւ 96,5%:
2007.թ-ի չորրորդ եռմասյակի բաղադրյալ տնտեսական ինդեքսների
հաշվարկման համար ընտրանքային սկզբունքով հետազոտվել են
արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների
844 կազմակերպություններ: Հարցման են ենթարկվել նաեւ 2961 տնային
տնտեսություններ Երեւան քաղաքում եւ ՀՀ բոլոր մարզերում:
Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, նամակների եւ
ֆաքսիմիլային կապի միջոցով: Գործարար միջավայրի ինդեքսը հաշվարկվել
է ռիսկերի եւ ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների
վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացումով,
տնտեսական ակտիվության ինդեքսը` թողարկման ծավալների, արտադրանքի
կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի եւ պաշարների վերաբերյալ
կազմակերպությունների սպասումների գնահատականների միջինացումով:
Սպառողների վստահության ինդեքսը հաշվարկվել է տնային տնտեսության
եկամուտների, կենցաղային ծախսերի եւ զբաղվածության
փոփոխությունների, ինչպես նաեւ ներկա տնտեսական պայմանների
գնահատականների միջինացումով:
Հարցերը կրում են որակական բնույթ` պատասխանների «աճել է»,
«մնացել է անփոփոխ», «նվազել է» տարբերակներով: Պատասխանների հիման
վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը
պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետեւ դրական պատասխանների
տեսակակար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը`
ստանալով պատասխանների հաշվեկշիռները: Վերջիններիս արժեքները
տատանվում են 0-100 միջակայքում: Ընդ որում, 50-ից բարձր արժեքը
ցույց է տալիս դիտարկվող երեւույթի դրական միտում, 50-ից ցածր
արժեքը` բացասական միտում, 50-ը նշանակում է անփոփոխ իրավիճակ: