ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՇՈՒԱՐԿԵԼ Է 2007 Թ.-Ի ՉՈՐՐՈՐԴ<br /> ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ<br />


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՇՈՒԱՐԿԵԼ Է 2007 Թ.-Ի ՉՈՐՐՈՐԴ
ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲԱՂԱԴՐԵԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ

  • 25-12-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը հաշուարկել է 2007թ.-ի չորրորդ եռամսյակի բաղադրեալ տնտեսական ինդեքսները նախորդ եռամսյակի եւ նախորդ տարուայ չորրորդ եռամսյակի նկատմամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ն յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, այս տարուայ երրորդ եռամսյակի նկատմամբ չորրորդում գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 92,1%, իսկ 2006թ.-ի չորրորդ եռամսյակի նկատմամբ` 98,1%, տնտեսական ակտիւութեան ինդեքսի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 78,6% եւ 84,3%, իսկ սպառողների վստահութեան ինդեքսի պարագայում, համապատասխանաբար, 92,6% եւ 96,5%: 2007.թ-ի չորրորդ եռմասյակի բաղադրեալ տնտեսական ինդեքսների հաշուարկման համար ընտրանքային սկզբունքով հետազօտուել են արդիւնաբերութեան, շինարարութեան եւ ծառայութիւնների ոլորտների 844 կազմակերպութիւններ: Հարցման են ենթարկուել նաեւ 2961 տնային տնտեսութիւններ Երեւան քաղաքում եւ ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացուել են ինտերնետի, հեռախօսակապի, նամակների եւ ֆաքսիմիլային կապի միջոցով: Գործարար միջավայրի ինդեքսը հաշուարկուել է ռիսկերի եւ ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխութիւնների վերաբերեալ կազմակերպութիւնների գնահատականների միջինացումով, տնտեսական ակտիւութեան ինդեքսը` թողարկման ծաւալների, արտադրանքի կամ ծառայութիւնների նկատմամբ պահանջարկի եւ պաշարների վերաբերեալ կազմակերպութիւնների սպասումների գնահատականների միջինացումով: Սպառողների վստահութեան ինդեքսը հաշուարկուել է տնային տնտեսութեան եկամուտների, կենցաղային ծախսերի եւ զբաղվածության փոփոխութիւնների, ինչպէս նաեւ ներկայ տնտեսական պայմանների գնահատականների միջինացումով: Հարցերը կրում են որակական բնոյթ` պատասխանների «աճել է», «մնացել է անփոփոխ», «նուազել է» տարբերակներով: Պատասխանների հիման վրայ հաշուարկւում է իւրաքանչիւր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետեւ դրական պատասխանների տեսակակար կշռին գումարւում է չէզոք պատասխանների կշռի կէսը` ստանալով պատասխանների հաշուեկշիռները: Վերջիններիս արժէքները տատանւում են 0-100 միջակայքում: Ընդ որում, 50-ից բարձր արժէքը ցոյց է տալիս դիտարկուող երեւոյթի դրական միտում, 50-ից ցածր արժէքը` բացասական միտում, 50-ը նշանակում է անփոփոխ իրավիճակ:
  -   Տնտեսութիւն