«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ԳՈՐՇ ՏԱՐԱԾՔ Է»,- ԱՍՈՒՄ Է
ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
17-12-2007 17:30:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում թատրոնը
կանգնած է կործանման եզրին. բարձրարվեստ ներկայացումները մեր
օրերում պահանջարկ չեն վայելում: Դեկտեմբերի 17-ի ասուլիսում
այսպես բնութագրեցին արդի հայ թատերարվեստի վիճակը դերասաններ Ազատ
Գասպարյանը եւ Լալա Մնացականյանը:
Ա.Գասպարյանի խոսքերով, «Հայաստանի թատերական աշխարհը մի գորշ
տարածք է»: Ըստ նրա, թատրոնը անուշադրության է մատնվել պետական
այրերի կողմից, որոնք թատրոն չեն հաճախում: Ա.Գասպարյանի կարծիքով,
ոլորտում առկա շատ հարցեր կկանոնակարգվեին թատրոնի մասին օրենքով,
որը, սակայն, այս տարի էլ խորհրդարանը չընդունեց:
Ըստ Լ.Մնացականյանի, ներկայիս հանդիսատեսը բացարձակապես
թատրոնով չի հետաքրքրվում եւ իր ամբողջ ուշադրությունը սեւեռել է
շոուների վրա: Բնական համարելով, որ Հայաստանում, ինչպես եւ ամբողջ
աշխարհում, շոու-բիզնեսը զարգանում է, դերասանուհին միաժամանակ
նշեց, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում այդ
գործընթացին զուգահեռ տուժում է թատրոնը:
Լ.Մնացականյանը նշեց, թեեւ ինքն անձամբ բազմիցս մերժել է
սերիալներում նկարահանվելու առաջարկները, սակայն մեր օրերում
դերասաններնից շատերի համար դժվար է դիմակայել գայթակղությանը եւ
հրաժարվել ֆինանսապես ձեռնտու առաջարկներից: