Աչալ Կումար Մալհոթրա. «Հայոց մարդասիրական ճեմարանը նշանակալից դերակատարություն ունի և բոլոր տեսանկյուններից կամուրջ է հանդիսանում երկու մշակույթների միջև»


Աչալ Կումար Մալհոթրա. «Հայոց մարդասիրական ճեմարանը նշանակալից դերակատարություն ունի և բոլոր տեսանկյուններից կամուրջ է հանդիսանում երկու մշակույթների միջև»

  • 28-09-2011 13:44:35   | Հնդկաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանն այցելեց Կալկաթայում գործող Հայոց մարդասիրական ճեմարան: 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նորին գերազանցություն Աչալ Կումար Մալհոթրան առաջին անգամ այցելեց Կալկաթայում (Հընդ-կաստան) Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող 190-ամյա Հայոց մարդասիրական ճեմարան, որը առհավատչյան է հայ-հնդկական դարավոր բարեկամության: Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ուրախությամբ ընդունեց բարձրաստիճան հյուրին, որի հետ հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում: Ի պատիվ մեծարգո հյուրի, ճեմարանում կազմակերպվել էր մշակութային ձեռնարկ: Ճեմարանի երգչախումբը հնչեցրեց երկու երկրների օրհներգերը, այնուհետեւ կատարեց հայ եւ հնդիկ նշանավոր կոմպոզիտորների հայտնի երգեր, իսկ պարախումբն էլ ներկայացրեց հնդկական ժողովրդական պար: Համերգային ծրագրից հետո ցուցադրվեց «Հայերը Հնդկաստանում» տեսանյութը: Իր բարիգալստյան խոսքում Հայր Խորենը խոսեց հայ-հնդկական վաղեմի բարեկամության մասին եւ եզրափակեց իր խոսքը ի մասնավորի ասելով` «Ձերդ գերազանցություն, ամեն կիրակի եկեղեցու զանգերի ղողանջի ներքո մենք պատարագ ենք մատուցում ի փառս Աստծո եւ աղոթում Հայաստանի եւ Հնդկաստանի խաղաղության եւ բարգավաճման համար: Թող Ամենազորը անխախտ պահի մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը»: Այնուհետեւ Հայր Սուրբը համայնքի եւ Մարդասիրականի անունից հնդկական հյուրամեծար ավանդույթի համաձայն մեծարգո դեսպանին նվիրեց մի շալ` ի նշան հարգանքի, սիրո եւ ջերմության: Ձեռնարկն ավարտվեց պատվարժան Աչալ Կումար Մալհոթրայի ոգեշունչ ելույթով, որն իր խոսքում նշեց, որ Հայոց մարդասիրական ճեմարանը շատ կարեւոր մի կառույց է, այն նշանակալից դերակատարություն ունի եւ բոլոր տեսանկյուններից կամուրջ է հանդիսանում երկու մշակույթների միջեւ: Նա հորդորեց աշակերտներին կրթվել եւ դառնալ միջազգային հանրության քաղաքացիներ` չկորցնելով իրենց հայկական ինքնությունը եւ ամուր կառչել երկու հնագույն քաղաքակրթությունների բարեկամության հենքից: Ըստ Կալկաթայում գործող Հայոց մարդասիրական ճեմարանի մամլո հաղորդագրության, հանդիպմանը ներկա էին Եկեղեցու վարչության ավագ անդամ տիկին Սյուզան Ռուբենը, Մարդասիրականի ուսոուցիչները, սաները, աշխատակիցները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն