Համագործակցության հիմքեր դրվեց Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ-Պետերբուրգի Ս.Ալեքսանդր Նևսկու անվան Ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև


Համագործակցության հիմքեր դրվեց Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սանկտ-Պետերբուրգի Ս.Ալեքսանդր Նևսկու անվան Ուղղափառ հոգևոր ակադեմիայի միջև

  • 28-09-2011 14:40:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի աջակցությամբ համագործակցության հիմքեր դրվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սանկտ-Պետերբուրգի Ս.Ալեքսանդր Նեւսկու անվան Ուղղափառ հոգեւոր ակադեմիայի միջեւ: Սեպտեմբերի 25-ին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ.Գեւորգ վարդապետ Սարոյանի եւ Ռուս Ուղղափառ հոգեւոր ակադեմիայի ռեկտոր Ամվրոսիյ եպիսկոպոս Գատչինսկու կողմից երկու հաստատությունների միջեւ միջբուհական համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրվեց: Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի ընթացքում Տ.Գեւորգ վարդապետ Սարոյանը մասնակցեց նաեւ Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւոր ակադեմիայի նորոգված գրադարանի բացման արարողությանը, որը նվիրված էր երկու կրթական հաստատությունների բարեկամությանը:Գրադարանի նորոգությունը կատարվել էր Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանի օգնությամբ: Մեկ տարի առաջ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ սկսեց գործել ռուսերեն լեզվի կատարելագործման լսարանը: Ըստ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվանի մամլո հաղորդագրության, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ կնքվում է համաձայնագիր երկու կրթօջախների միջեւ համագործակցության լայն շրջանականերով:Համաձայանգիրը վերաբերում է կրթական, գիտական, հրատարակչական, մեթոդական ծրագրերի զարգացմանը: Տեղի կունենան նաեւ ուսանողների եւ դասախոսների փոխանակումներ, գիտատեխնիկական նոր ուսումնական մեթոդների ներդրումներ: «Այս համագործակցությունը խոսում է մեր երկու Եկեղեցիների միջեւ բարեկամական կապի մասին, որն առավել սերտ ու ջերմ հարաբերությունների առիթ կտա: Պետերբուրգի համայնքը դեռեւս Տ.Եզրաս աբեղա Ներսիսյանի հովվության տարիներից սկսած հոգածու ուշադրությամբ է վերաբերվել Հայ Եկեղեցու հոգեւոր կրթօջախների գործունեությանը եւ մշտապես աջակցություն ցուցաբերել հոգեւորականների պատրաստման գործընթացին: Այս գեղեցիկ ավանդության շարունակությունը դարձավ համաձայնագրի ստորագումը: Համագործակցությունը նաեւ միմյանց խորապես ճանաչելու հնարավորություն է տալիս: Ոչ միայն մեր սաները կուսանեն Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգեւոր կրթարաններում, այլ նաեւ նրանք կգան մեզ մոտ ուսանելու», - բարձր գնահատելով համաձայնության ձեռքբերումը` ասաց Տ.Գեւորգ վարդապետ Սարոյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն