Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ այցելել է Անանիա Շիրակացու անվան ճեմարան և նախակրթարան


Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ այցելել է Անանիա Շիրակացու անվան ճեմարան և նախակրթարան

  • 05-10-2011 23:49:34   | Հայաստան  |  Հասարակություն
 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ուսուցչի օրվա կապակցությամբ այցելել է Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան եւ նախակրթարան: Կառավարության ղեկավարին է ներկայացվել ուսումնական հաստատությունների կրթական գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը: Ճեմարանում ուսում են ստանում 600 աշակերտներ, իսկ նախակրթարանում՝ 300 երեխաներ: Շնորհավորելով ներկաներին Ուսուցչի օրվա կապակացությամբ՝ վարչապետը նշել է, որ ուսուցիչը մեր ժողովրդի համար մեր ազգի ողջ պատմության ընթացքում զբաղեցրել է առանձնահատուկ տեղ եւ մշտապես վայելել մեր հանրության հարգանքը: «Դա պատահական չէ, քանի որ մեր ժողովրդի միտումները միշտ ուղղված են եղել դեպի ապագան: Մենք մշտապես լի ենք եղել հույսերով, որ մեզ հաջողվելու է կառուցել մեր երազած երկիրը, հաջողվելու է ունենալ անկախ պետականություն: Մեր այդ հույսերի իրականացման կարեւորագույն պատասխանատվությունը մշտապես դրված է եղել ուսուցիչների վրա: Ինչպիսի սերունդ որ ուսուցիչները կդաստիարակեն՝ այդպիսին էլ լինելու է մեր պետության ապագան»: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր երկրի կրթական համակարգում եւ իր 20 տարվա պատմության ընթացքում կատարած աշխատանքի արդյունքներով կարողացել է վայելել հանրության վստահությունը: Տիգրան Սարգսյանը ճեմարանի աշակերտներին եւ ուսուցչական անձնակազմին մաղթել է հետագա հաջողություններ ուսումնական գործընթացում: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի առաջընթացին նպաստելու համար վարչապետ Տիգրան Սարգսյանը Ճեմարանի տնօրինության խորհրդի որոշմամբ պարգեւատրվել է հուշամեդալով: Այն վարչապետին է հանձնել ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: 2010 թ. ճեմարանը ճանաչվել է «Մայքրոսոֆթ» համաշխարհային ընկերության «Նորարար դպրոցներ» միջազգային ծրագրի աշխարհի ամենաառաջավոր 56 դպրոցներից մեկը: Ճեմարանի նախակրթարանն առաջինը Հայաստանում 2010թ-ի սեպտոմբերից սկսել է աշխատել միջազգային բակալավրիատի տարրական կրթության կազմակերպման կրթական ծրագրով: Ճեմարանում հայաստանաբնակ սովորողներից բացի ուսում են ստացել եւ այսօր էլ ստանում են օտարազգի աշակերտներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Անգլիայից, Իտալիայից, Մեքսիկայից, Կիպրոսից, Իսրայելից, Իրանից, Լիբանանից, Ավստրիայից, Լեհաստանից, Հնդկաստանից, Սիրիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, եւ այլն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play