Տիգրան Սարգսյան.«Վանուշ Խանամիրյանը մեկն էր այն քչերից, ում մեծությունը մեր ժողովուրդն ընդունում էր անվերապահորեն»


Տիգրան Սարգսյան.«Վանուշ Խանամիրյանը մեկն էր այն քչերից, ում մեծությունը մեր ժողովուրդն ընդունում էր անվերապահորեն»

  • 06-10-2011 16:21:57   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, որում, մասնավորապես, ասվում է. «Խոր վշտով տեղեկացա անվանի արվեստագետ, պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանի մահվան մասին: Վանուշ Խանամիրյանը մեկն էր այն քչերից, ում մեծությունը մեր ժողովուրդն ընդունում էր անվերապահորեն: Դա պատահական չէ, քազնի Խանամիրյանն իր վառ տաղանդով, անմնացորդ նվիրումով եւ անսպառ էներգիայով աշխարհի համար բացահայտեց հայկական պարարվեստը, այն դարձրեց ճանաչելի ու գնահատված: Երկար կարելի է թվարկել մեծ վարպետի կոչումներն ու արժանիքները, ով մեր ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես ոչ միայն որպես շռայլորեն օժտված արվեստագետ, այլեւ մշակույթի կազմակերպիչ, օրինակելի քաղաքացի եւ կենսախինդ ու դրական լիցքեր ճառագող նահապետ: Թերեւս նրա կյանքի ու գործի լավագույն գնահատականը այն համաժողովրդական սերն է, որ վայելում էր Վանուշ Խանամիրյանը: Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ անձամբ իմ անունից ցավակցակցում եմ Վանուշ Խանամիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, սաներին եւ նրա արվեստի բոլոր երկրպագուներին»: *** Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ