Ըստ Ստեփան Գրիգորեանի, սահմանի բացման դիմաց Հայաստանը
Թուրքիային պէտք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ
16-04-2009 17:00:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական սահմանի
բացման դիմաց Հայաստանը Թուրքիային պէտք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ-ի
Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այսպիսի յայտարարութիւն արեց
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծական
կենտրոնի տնօրէն, քաղաքագէտ Ստեփան Գրիգորեանը ապրիլի 16-ի
ասուլիսում: Նրա խօսքերով, դա հայկական կողմին ձեռնտու է, քանի որ
Թուրքիայի համանախագահող դառնալու արդիւնքում Ադրբեջանի դիրքերը
տարածաշրջանում կթուլանան: Այն հարցին, թէ ի՞նչ պէտք է անի
Թուրքիան Մինսկի խմբի կազմում, Ս.Գրիգորեանը պատասխանեց. «Թուրքիան
կարող է Ադրբեջանին համոզել, որ հակամարտութիւնները առանց
փոխզիջումների չեն լուծւում»:
Ս.Գրիգորեանը միաժամանակ յայտարարեց, որ անհրաժեշտ է
տարանջատել հայ-թուրքական յարաբերութիւնները եւ ղարաբաղեան
հիմնախնդիրը:
Պատասխանելով այն հարցին, թէ ինչպե՞ս պէտք է Հայաստանը
սահմանի բացումից յետոյ դիմագրաւի թուրքական տնտեսական, մշակոյթային
եւ քաղաքական հնարաւոր էքսպանսիային, Ս.Գրիգորեանը նշեց, որ չպէտք
է թերագանահատել հայ ձեռներեցների տաղանդն ու գործարար
հմտութիւնները: «Ես համոզուած եմ, որ սահմանի բացումից 5 տարի յետոյ
Թուրքիայի կառավարութիւնը կընդունի օրէնք, որով կձգտի Կարսի
շուկան զերծ պահել հայ առեւտրականների ներխուժումից»,- ասաց
Ս.Գրիգորեանը: