Ապրիլյան պատերազմից առաջ զոհված զինվորների մայրերն իրենց անտեսված և արհամարհված են զգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06-09-2018 19:22:39 | Հայաստան | Հասարակություն
Տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը պահանջում են չառանձնացնել միայն Ապրիլյան պատերազմի զոհերին՝ անտեսելով մյուսներին:
Այսօր նրանք հավաքվել էին Կառավարության շենքի առջև և պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը, վարչապետի հորդորով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պետք է ընդուներ իրենց, սակայն այդպես էլ ընդունելություն չի կատարվել:
Նրա խոսքերով՝ իրենք դեմ չեն, երբ պատկան մարմիններն Ապրիլյան պատերազմում զոհվածների ծնողներին ընդունում և լսում են նրանց պահանջները, սակայն անընդունելի են համարում, երբ Ապրիլյան պատերազմից առաջ զոհվածների ծնողներին անտեսում են:
«Պետությունը դրեց տարբերակում, Ապրիլյան ասելով՝ կենտրոնացրեց բոլորի ուշադրությունը դրա վրա, իսկ մենք մնացել ենք տեսադաշտից դուրս»,- ընդգծեց Գ. Արմենակյանը՝ դժգոհություն հայտնելով նաև նվազագույն արտոնություններից չօգտվելու հանգամանքից:
1997 թվականի մայիսի 23-ին զինվոր որդի կորցրած Ռուզաննա Սարգսյանն էլ նշեց, որ ներկայումս ունի բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, երկրորդ տղան տառապում է քաղցկեղով, իսկ բուժման համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ միջոցներ, որոնք ընտանիքը պարզապես չունի:
Ռ. Սարգսյանի փոխանցմամբ՝ բազմիցս դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն անարդյունք:
2004 թվականի նոյեմբերի 27-ին զինվոր կորցրած Փեփրանուշ Մարգարյանի փոխանցմամբ՝ իր որդին ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն է գործել, մինչդեռ ինքը համոզված է, որ կատարվածը սպանություն է:
Տիկին Մարգարյանի խոսքերով՝ որդու սպանությունը բացահայտելու հետ կապված արդեն ոչ մի հույս չունի, սակայն պահանջում է, որ գոնե նվազագույն սոցիալական աջակցություն կամ արտոնություններ ստանան: