Սփյուռքի տարբեր համայնքներում երիտասարդների 30-70%-ը<br /> ամուսնանում են օտարազգիների հետ<br />


Սփյուռքի տարբեր համայնքներում երիտասարդների 30-70%-ը
ամուսնանում են օտարազգիների հետ

  • 26-04-2010 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սփյուռք ունեցող հանրության մոտ խառնամուսնությունների խնդիրը դադարում է լինել անհատական եւ դառնում է ազգային, նույնիսկ պետական հոգացության առարկա: Նման կարծիք հայտնեց ապրիլի 26-ին` «Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» թեմայով գիտագործնական եկօրյա համաժողովի երկրորդ օրը «Նորավանք» ԳԿՀ-ի վերլուծաբան, փորձագետ Սոնա Մանուսյանը` ներկայացնելով «Սփյուռքահայության եւ հայաստաբնակների ազգային ինքնության ժամանակակից միտումները սոցիալ հոգեբանական տեսանկյունից» զեկույցը: Նրա խոսքերով, ակնհայտ է, որ այդ երեւույթի դեմ պայքարելն ուղղակի արգելելով ամուսնանալը, զավեշտալի է, քանի որ մարդ մարդու հետ հանդիպման պարզ իրողությունը երբեմն շատ ավելի ուժեղ է, քան «վիրտուալ իրականությամբ կառուցված ազգային ինքնութունը»: Ուստի, ըստ փորձագետի, այս խնդիրը ոչ թե պետք է արմատախիլ անել, այլ ուսումնասիրել, կարգավորել, խոսել ծավալների եւ միտումների մասին: Պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը հանդես եկավ «Հայ ազգային մտածողները եւ խառնաամուսնությունների խնդիրը» զեկույցով: Ըստ նրա, հայ իրականության մեջ ընտանիքի սոցիալական կազմակերպան առաջնային ձեւը եղել է նահապետական ընտանիքը, որում ձեւավորվել եւ պահպանվել են ազգային ավանդույթներն ու սովորույթները, լեզուն եւ կրոնը: «Ընտանիքը հայ հասարակության մեջ միշտ էլ հանդիսացել է հասարակության կազմակերպման ամենակայուն եւ գաղափարական բջիջը: Հայկական ընտանիքը հայապահպան գործառույթ իրականացրել է միշտ եւ շարունակում է այսօր»,- ասաց Է.Հովհաննիսյանը, հավելելով, որ պատմության ընթացքում ազգերը հաճախ վերացել են ոչ թե ոչնչացումների, այլ ձուլման միջոցով: Նա նշեց, որ խառնամուսնություններից խուսափելու խնդիրն այսօր եւս արդիական է, ինչը հատկապես առկա է հայկական սփյուռքում: Ըստ նրա, տարբեր հաշվարկներով, սփյուռքի տարբեր համայնքներում երիտասարդների 30-70%-ը ամուսնանում են օտարազգիների հետ: Է.Հովհաննիսյանի կարծիքով, դա մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ խառնամուսնությունների արդյունքում ծնված երեխաները ոչ միշտ են ունենում հայկական ինքնագիտակցություն; Ըստ նրա, հաճախ էլ այդ երեխաները հասարակության մեջ միջանկյալ դիրք են գրավում` երկու էթնոսների եւ նրանց մշակույթների միջեւ` լիարժեքորեն չպատկանելով ոչ մեկին, ոչ էլ մյուսին: Նշենք, որ համաժողովն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի եւ «Նորավանք» ԳԿՀ աջակցությամբ: Համաժողովի նպատակն է քննարկել եւ բացահայտել սփյուռքյան խառնամուսնական ընտանիքներում հայ ինքնության որակների պահպանման հետ կապված դժվարությունները եւ հիմնախնդիրները (լեզու, ավանդույթներ, կրոն, երեխաների դաստիարակություն, ընտանեկան հարաբերություններ, հայկական համայնքային կյանքին մասնակցություն, համայնքի կողմից ընդունված լինելը):
Նոյյան տապան  -   Հասարակություն