ՀԲ-Ն ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ<br /> ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ<br />


ՀԲ-Ն ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ
ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

  • 26-11-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Համաշխարհային Բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ստորագրել են Համաշարհային բանկի կողմից հաստատված 20 մլն ԱՄՆ դոլարի վարկը, որը կուղղվի Հայաստանի Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմանը: Լրացուցիչ ֆինանսավորումը կօժանդակի ՀՀ կառավարությանը ջրամատակարարման համակարգի վերականգնման եւ բարելավումների ընթացիկ ծրագրում իրականացված միջոցառումների ընդարձակմանն ուղղված քայլերում` ներառյալ Ծրագրի համար պատասխանատու «Ջրմուղկոյուղի» ընկերության եւ ջրամատակարարման համակարգի միջազգային օպերատորի միջեւ կնքված «Կառավարման պայմանագրի» երկարացումը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության, լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում օժանդակություն կստանան երեք գլխավոր բաղադրիչներ. 1) «Հայջրմուղկոյուղու» կառավարման ուժեղացում` «Կառավարման պայմանագրի» շարունակությունը լրացուցիչ երկու տարվա ընթացքում ֆինանսավորման միջոցով, 2) «Հայջրմուղկոյուղու» ներդրումներ` կառուցվածքային եւ ֆինանսական կարողությունների զարգացման, «Հայջրմուղկոյուղու» աշխատանքը բարելավելու նպատակով սարքավորումների եւ մեխանիզմների գնման, քիմիական եւ կենսաբանական լաբորատորիաների վերականգնման եւ բարելավման, ինչպես նաեւ «Հայջրմուղկոյուղու» աշխատակիցների համար վերապատրաստման/ուսուցման միջոցառումների ֆինանսավորման միջոցով; 3) Ներդրումներ մասնաճյուղերի համակարգերում` մաքրման եւ քլորացման քայքայված սարքավորումների փոխարինման, ճնշումային լոգերների, խողովակների եւ ամրանների գնման ու տեղադրման, ցանցի վերականգնման նախագծային եւ շինարարական աշխատանքների ֆինանսավորման միջոցով: ՏԵՂԵԿԱՆՔ. Հայաստանը միացել է Համաշխարհային բանկին 1992թ.-ին, իսկ Միջազգային զարգացման ընկերակցությանը` 1993թ.-ին: Պարտավորությունների ընդհանուր գումարը 49 ծրագրերով առ այսօր կազմում է մոտ 1,076 միլիարդ ԱՄՆ դոլար: Վարկը տրամադրվել է «կոշտացված» պայմաններով. մարման ժամկետը կազմում է 20 տարի` արտոնյալ 10 տարին ներառյալ, 0,75% տարեկան տոկոսադրույքով: Սկսած 2006թ. հուլիսի 1-ից Հայաստանը գտնվում է ՄԶԸ-ից դուրս գալու գործընթացում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն