Սպիտակի նոր վերանորոգված քաղաքային զբոսայգում օգոստոսի 21-ին հանդիսավորությամբ մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացվող փառատոնը օգոստոսի 21-28-ը համախմբելու է արվեստագետների, մշակութային գործիչների և հանդիսատեսի՝ մեկ հարթակում ներկայացնելով կինոն, թատրոնը, երաժշտությունը, լուսանկարչությունն ու ստեղծագործական-կրթական ծրագրերը։
Փառատոնի բացման արարողությանը ներկա էր նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ով ողջունեց միջոցառման անցկացումը համայնքում՝ ընդգծելով դրա կարևորությունը Սպիտակի մշակութային կյանքի աշխուժացման և նոր մշակութային նախաձեռնությունների խթանման տեսանկյունից։«Մեզ համար կարևոր և ուրախալի է, որ «ՖՐԵՍԿՈ» միջազգային փառատոնն այս տարի մեկնարկում է հենց Սպիտակում։
Հատկանշական է նաև, որ Սպիտակի նոր վերանորոգված քաղաքային զբոսայգին առաջին անգամ է հյուրընկալում նմանօրինակ մշակութային միջոցառում։ Համոզված եմ, որ այսպիսի նախաձեռնությունները նոր շունչ են հաղորդում համայնքի մշակութային կյանքին, ստեղծում են նոր հանդիպումների և համագործակցության հնարավորություններ և Սպիտակը դարձնում են մշակութային կյանքի կարևոր հարթակներից մեկը», - նշել է Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը, կարևորելով փառատոնի անցկացումը Սպիտակում, նշել է, որ նախաձեռնության համար այս համայնքի հետ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի։«Իրապես մեծ երջանկություն է փառատոնը տեսնել Սպիտակում։ Կլինեմ անկեղծ և կասեմ, որ բազմիցս ենք ցանկացել, որ փառատոնը լինի Սպիտակում։ Մենք ունենք այստեղ նաև ստեղծագործական խմբակներ, և մեր սաները Վանաձորից, Ստեփանավանից ևս այստեղ են և հնարավորություն ունեն վայելելու փառատոնը։ Ուստի շնորհակալ ենք պարոն Նիկողոսյանին այդ հնարավորությունը տալու համար։ Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ հնարավորություն ունեցանք առավել խորությամբ ծանոթանալու Սպիտակին և առավել քան վստահ ենք, որ համագործակցությունը կլինի շարունակական»,-նշել է Աննա Կարապետյանը։
Բացման արարողության ընթացքում ելույթ է ունեցել նաև իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը, ով առանձնացրել է փառատոնի հիմնական ուղերձներից մեկը՝ բարությունը։«Այսօրվա մասին կարելի է շատ խոսել, բայց ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ «ՖՐԵՍԿՈ»-ն բարության մասին է։ Եվ կրկնակի պատասխանատու և հաճելի է կանգնել բեմում և բոլորիդ ասել՝ եկեք մեկնարկենք բարության փառատոնը», — նշել է Դմիտրի Բրիկմանը։
Փառատոնի բացման գլխավոր իրադարձությունը Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի «Տիրուհիները» թատերականացված պարային ներկայացումն էր։ Ներկայացումը նվիրված էր հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների կերպարներին՝ միավորելով պատմական, երաժշտական և պարային արտահայտչամիջոցները։
«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը ներկայացնում է բազմաժանր ծրագիր՝ ներառելով միջազգային ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, համերգներ, թատերական ներկայացումներ, լուսանկարչական վարպետության դասեր և ստեղծագործական հանդիպումներ։ Փառատոնի շրջանակում կցուցադրվի 12 երկրի 30 ֆիլմ, իսկ ծրագրի կարևոր իրադարձություններից է «Բացառիկ համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը։Փառատոնը Սպիտակից շարունակելու է իր ծրագիրը Երևանում և Վանաձորում՝ մինչև օգոստոսի 28-ը արվեստի, բարության, ներառականության և համամարդկային արժեքների շուրջ միավորելով տարբեր համայնքների ու սերունդների ներկայացուցիչների։