Վաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավոր
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Վաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավոր

15-09-2026 17:33 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Վաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավոր

Հայաստանյան համայնքները պետք է ունենան համապատասխան կամք՝ ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրները լուծելու համար։ Տասնամյակներ շարունակ ստեղծվել է խնդիրների լուծման իմիտացիա, մինչդեռ պրոբլեմները տակավին առկա են։   

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՄԻՊ-ի ու ԵԽ-ի համատեղ ջանքերով կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց Աժ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Նա շեշտեց, որ, օրինակ, եզդիական համայնքում վաղ ամուսնությունը համարվում է մեծ խնդիր, և հիշեցրեց, որ ՀՀ-ում 2018 թվականին ընդունվեց օրենք, որով աղջիկներին թույլատրվում է ամուսնանալ 16 տարեկանում։«Երբ արդեն խորհրդարանում էի, շուրջ վեց տարի աշխատել եմ, որպեսզի գործընկերներիս հետ վաղ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ ներկայացնենք։

Այդ նպատակով ամուսնության տարիքային շեմը բարձրացրել ենք մինչև 18 տարեկան, սակայն դա էլ բավարար չէ։

Կառավարության մեր գործընկերները քաղհասարակության և ազգային փոքրամասնությունների հետ պետք է կարողանան այս խնդիրը համայնքից դուրս բերել ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա։ Երբ ուսումնասիրում էինք մասնավորապես եզդիական համայնքում այս խնդիրը, մեր ուսումնասիրությունների շրջանակն ընդլայնվեց, նկատեցինք, որ այդ խնդիրն առկա է նաև ՀՀ շատ այլ գյուղական բնակավայրերում»,- ասաց Բաքոյանը։ 

Նա առանձնացրեց հատկապես եզդիական համայնքի խնդիրները, որովհետև իր իսկ պնդմամբ՝ բոլոր ազգային փոքրամասնությունների թվաքանակը գումարելով ու բազմապատկելով երեք անգամ, կստացվի եզդիների քանակը, որտեղ վաղ ամուսնությունների խնդիրն ավելի ցցուն է։     Բաքոյանը հավելեց, որ իրենք աշխատել են «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի բարեփոխված տարբերակի վրա, նոր առաջարկություններով հետ են բերել, որպեսզի այն բարեփոխված վիճակում ընդգրկվի նոր խորհրդարանի օրակարգում։ ԱԺ պատգամավորը պնդեց, որ լինելով եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ ունի բավարար կամք, որպեսզի կարողանա իրականացնել փոփոխություններ՝ դրա համար ունենալով որոշակի հնարավորություններ օրենսդրական լծակների տեսքով։

«Այն խոչընդոտները, որոնք առկա են ազգային փոքրամասնությունների համայնքներում, գտնվում են մեր դիտարկման հիմքում, ձգտում ենք, որպեսզի կանայք ավելի լայն հնարավորություններ ունենան իրենց իրավունքները պաշտպանելու առումով։ Այն համայնքներում, որտեղ ազգային փոքրամասնությունների թվաքանակը կազմում է 75 և ավելի տոկոս, մարդիկ հնարավորություն կստանան իրենց մայրենի լեզվով ուսում ստանալ, մայրենի լեզվով պատմամշակութային միջոցառումներ անցկացնել, տարատեսակ խմբակներում կրթվել։ Սա շատ կարևոր է ինքնության պահպանման առումով։

Չէի ցանկանա ՀՀ-ում տեսնել անգրագետ համայնք, գուցե կոպիտ է հնչում, սակայն ուղիղ ասված խոսք է, հետևաբար անհրաժեշտ է վաղ ամուսնությունները վերացնել եզդիական համայնքում, ինչը թույլ կտա աղջիկներին ստանալ ուսում, աշխատել, հետագայում պատրաստ լինել ամուսնական կյանքին և իրենեց ապագա երեխաներին կիրթ մեծացնել, լավ դաստիարակել»,- ասաց Բաքոյանը։

Նրա դիտարկմամբ՝ խնդիրները տակավին շատ են, սակայն դրանց լուծման ճանապարհին պետք է իրականացվեն հետևողական ու համատեղ աշխատանքներ։ Բաքոյանն այդ առումով կարևորեց հատկապես ՄԻՊ-ի հետ համագործակցությունը։ Նրա համոզմամբ՝ խնդրի լուծումը վերագրելով միայն կառավարությանը՝ հնարավոր չէ ունենալ արդյունավետ լուծում։ 

 

 

Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 61 անգամ