«Նոա»-ի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են
15-09-2026 19:00 Հայաստան Մամլո հաղորդագրություն
«Նոա»-ի ապագա մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլն արդեն արված է։ Մինչ այստեղ կսկսեն կառուցվել եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մարզադաշտի տրիբունաները, աշխատանքներն արդեն մեկնարկել են այն ենթակառուցվածքների վրա, որոնք անհրաժեշտ են ապագա կառույցի համար։
«130 միլիոն դրամի ներդրման արդյունքում մարզադաշտի տարածքով անցնող բարձրավոլտ օդային էլեկտրագծերը տեղափոխվել են գետնի տակ՝ ազատելով տարածքը շինարարության հաջորդ փուլերի համար։
Մարզադաշտի համար ձեռք բերված հողատարածքով անցնող 35 կիլովոլտ լարման օդային գծերն ամբողջությամբ փոխարինվել են ստորգետնյա մալուխային գծերով։ Ապամոնտաժվել են հենասյուները, իսկ մոտ 1,6 կիլոմետր երկարությամբ հատվածում իրականացվել են անհրաժեշտ հողային աշխատանքները։ Այստեղ ընդհանուր առմամբ տեղադրվել է 13.040 մետր մալուխ։
Նոր մալուխային գծերի երթուղին ընտրվել է այնպես, որ շրջանցի ապագա մարզադաշտի տարածքը։ Մալուխներն անցկացվել են նաև համայնքային ճանապարհների տակ՝ հետագայում դրանց սպասարկումը հնարավոր դարձնելու համար։
Կատարված աշխատանքը կարևոր է ոչ միայն մարզադաշտի շինարարության, այլև հարակից բնակավայրերի էլեկտրամատակարարման համար։ Եռաֆազ գծերի յուրաքանչյուր ֆազի համար օգտագործվել է առանձին միաջիղ մալուխ։ Այս լուծումը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում վնասված մալուխը առանձնացնել և վերանորոգել՝ առանց ամբողջ գծի աշխատանքը դադարեցնելու։
Բացի այդ՝ կառուցվել է լրացուցիչ պահուստային գիծ։ Վթարային իրավիճակում այն հնարավորություն կտա անցնել պահուստային սնուցման՝ բարձրացնելով տվյալ ցանցից սնվող գյուղերի էլեկտրամատակարարման հուսալիությունը։
Աշխատանքներն իրականացվել են շինարարության թույլտվության հիման վրա՝ լիցենզավորված կապալառուի միջոցով և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու համայնքի պատասխանատուների հետ համագործակցությամբ։
«Նոա»-ի նոր մարզադաշտի հիմքում ընկած աշխատանքն արդեն սկսված է, իսկ հիմնական աշխատանքները դեռ առջևում են։ Շուտով կներկայացվի մարզադաշտի նախագիծը, իսկ դրանից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները»։