«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԿՍԵԼ Է ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ<br /> ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ <br />


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԿՍԵԼ Է ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 23-01-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագիրը հայտարարում է Տավուշի մարզի սահմանամերձ վեց գյուղերում անասնաբուժական ծառայության բարելավման ծրագրի մեկնարկը: Ինչպես հայտնել են Հիմնադրամի` Հասարակայնության հետ կապերի բաժնից, այս գյուղերը ընդգրկված են Ծրագրի փորձնական միկրոշրջանում: Ծրագիրը կիրականացվի «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից, Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալության եւ Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ: Հայտնվում է, որ անասնաբույժերի եւ վեց համայնքների բնակիչների համար վերապատրաստման դասընթացներին զուգահեռ այս ծրագիրը բժշկական սարքավորումներ եւ դեղամիջոցներ կապահովի անասնաբուժական կետերի համար: Հովանավորման մեկամյա փուլից հետո ծառայությունը կաշխատի համայնքի բնակիչների ամենամսյա վճարումների միջոցով: Դրանք կազմում են գյուղացու` մարզկենտրոններից գնվող դեղամիջոցների վրա ծախսվող գումարի փոքր մասը: Ամենամսյա վճարումները անասնաբույժի համար կապահովեն նաեւ կայուն եկամուտ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ-ին եւ կոչված է խթանելու մարդասիրական օգնությունը եւ ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Հիմնադրամն ունի տեղական մարմիններ աշխարհի 19 երկրներում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն