ՆԱԽԱՐԱՐՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ <br />


ՆԱԽԱՐԱՐՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ

  • 23-01-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, քիմիայի եւ հանքարդյուանբերության ոլորտների զարգացման ծրագրերի համաձայն, ակնկալվում, որ այդ ոլորտներ ներդրումները կաճեն: Այս մասին հունվարի 23-ի ասուլիսում հայտնեց նախարար Ներսես Երիցյանը: Նախարարի գնահատականով, 2007թ. օտարերկրյա ներդրումների ծավալը եղել է ավելի քան 600 մլն դոլար: 2006թ. ինն ամիսների համեմատությամբ 2007թ.-ի նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 58%-ով: Այդ ընթացքում առավել խոշոր ներդրումներ կատարած երկրներն են Ռուսաստանը (175,9 մլն դոլար), Լիբանանը (134 մլն դոլար), Արգենտինան (24,9 մլն դոլար), ԱՄՆ-ը (21,3 մլն դոլար), Գերմանիան (20,4 մլն դոլար): Խոշորածավալ օտարերկրյա ներդրումներ են իրականացվել կապի ոլորտում («Վիվա-Սելլ», «Արմենթել» ընկերություններ), օդային տրանսպորտում («Արմենիա միջազգային օդանավակայաններ»), հանքագործական եւ մետաղագործական արդյունաբերության ոլորտում («Արմենալ» եւ «Զանգեզուրի ՊՄԿ»), գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում («Հայռուսգազարդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր»): Նախարարը հայտնեց, որ ՏՏ ոլորտ ներդրումները խթանելու նպատակով արդեն սկսվել է փորձնական ծրագիր: Մանավորապես, Սյունիքի մարզում իրականացվում է դպրոցներում հեռահար, ինտերակտիվ ուսուցման ծրագիր, որում ներգրավված է 2007թ. Հայաստանում իր գործունեությունն սկսած «Մայքրոսոֆթ» ընկերությունը: Ստեղծվել է ցանց Կապանի լավագույն դպրոցների մեկի եւ սահմանամերձ 5 գյուղերի դպրոցների միջեւ: Ծրագրի արդյուքները կպարզվեն առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում, ձեռք բերված փորձը 1-2 տարվա ընթացքում կկիրառվի ամբողջ Հայաստանում: Նախարարի խոսքերով, գիտելիքահենք տնտեսության զարգացմանը միտված ծրագիր է լինելու Գյումրիի տեխնոպարկի ստեղծումը: Պետության մասնակցությունն այդ ծրագրին նախատեսված է պետբյուջեով, նրա համատեղ ստեղծման մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի պետական ճարտարագիտական, պետական տնտեսագիտական եւ Ամերիկյան համալսարանների, մասնավոր ընկերությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ: Տեխնոպարկի ծրագրի օժանդակության նախնական համաձայնություններ են ստացվել ֆիննական եւ հոլանդական համանման տեխնոպարկերից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն