ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՆՀԻՄՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ԱԱԾ-Ի ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՅՈՒՐԻ ՎՈԼՖՍՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
23-03-2007 19:15:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ «Առավոտ» օրաթերթի մարտի
23-ի հրապարակման, նախօրեին Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին
ատյանի դատարանում քննվող մի գործով ամբաստանյալ, ՀՀ ԱԱԾ
փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնը հայտարարել է, որ խուզարկությամբ իր
տանը հայտնաբերված զենքի մի մասը, որը չի արձանագրվել, կապ ունի
Շահեն Հովասափյանի սպանության հետ: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի
խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը, ՀՀ գլխավոր դատախազի
մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը այն համարեց չհիմնավորված: Ըստ
նրա, այդ հայտարարությամբ ամբաստանյալը նպատակ ունի ձգձգել իր դեմ
հարուցված գործով դատավարությունը:
Նշենք, որ ՀՀ Հարկային պետական ծառայության Օպերատիվ
հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը սպանվել է
2006թ.-ի սեպտեմբերի 6-ին, իսկ Յու. Վոլֆսոնի տան խուզարկության
արձանագրությունը կազմվել է 2005թ-ի սեպտեմբերի 16-ին: